News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ գրված է՝ Ռուսաստանի Դաշնություն, իմ հայտարարության մեջ Ռուսաստանի Դաշնության մասին ոչինչ ասված չէ եւ որեւէ կոնկրետ երկրի անուն ասված չէ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ինքը Ռուսաստանի Դաշնությանը նկատի ուներ, երբ նախօրեին Կառավարության նիստին ասել էր,  որ դեպքեր ունենք, երբ գումարները վճարված են, բայց զենքի մատակարարումները չեն կատարվում, նաեւ դաշնակիցների կողմից, այսօր էլ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը իրականացվում է կնքված պայմանագրերին համապատասխան։

«Ինչ հարկ եմ համարել՝ հայտարարել եմ, Պաշտպանության նախարարության հաղորդագրության հետ ոչ մի հակասություն չկա, որովհետեւ կան բազմաթիվ նրբություններ, որոնք բացահայտման ենթակա չեն։ Իմիջիայլոց, Պաշտպանության նախարարությունը ճշգրիտ է ձեւակերպել՝ տառին համապատասխան, բայց կրկնում եմ՝ եթե ես հարկ համարեի երկիր հիշատակել՝ ես կհիշատակեի, ես ասել եմ այնքան, որքան հարկ եմ համարել, ինչ որ ասել եմ՝ ճիշտ եմ ասել։ Պաշտպանության նախարարությունն էլ, բնականաբար, սխալ չի ասել։ Թերեւս այսքանով բավարարվենք, ի դեպ, պայմանագրերում շատ բան կա գրված։ Պայմանագրերում կետ կա նաեւ, թե ինչ է լինում սահմանված ժամկետում չմատակարարելու դեպքում եւ այլն, հազար ու մի բան կա։ Բնականաբար ամեն ինչ տեղի է ունենում պայմանագրերով նախատեսված ձեւերով»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ հիմա պետք է Հայաստանը հետ պահանջի վճարված գումարները, թե սպասի սպառազինության մատակարարմանը, թե դա որոշակի ազդեցություն կունենա մեր դաշնակից երկրի հետ հարաբերությունների վրա, Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ պետք է տարանջատել Պաշտպանության նախարարության հայտարարությունը իր հայտարարությունից։

«Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ գրված է՝ Ռուսաստանի Դաշնություն, իմ հայտարարության մեջ Ռուսաստանի Դաշնության մասին ոչինչ ասված չէ, եւ որեւէ կոնկրետ երկրի անուն ասված չէ։ Ինչ վերաբերում է իմ նշած դեպքին, դա տարբերակներից մեկն է՝ կամ գումարը ետ ստանալ ու գնում անել այլ տեղից, կամ ստանալ նախատեսված սպառազինությունը»,– ասաց նա։

Հարցին, թե պատասխանը կա՞, վարչապետն ասաց, որ չի ցանկանում խոսել աշխատանքային մանրամասների վերաբերյալ, որովհետեւ դրանք գաղտնի տեղեկություններ են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ