News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է բանաձեւի նախագիծ Արցախում հումանիտար գրասենյակ ստեղծելու՝ կառավարությանն ուղղված կոչով։ http://www.senat.fr/leg/ppr22-003.html Դրանում կոչ է արվում պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ եւ անհապաղ դուրս բերել նրա ուժերը Հայաստանի տարածքից, կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը եւ աջակցել ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի  կայուն խաղաղության հաստատմանը երկու երկրների միջեւ։

Նշվել է, որ բանաձեւի նախագծի համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի բազում ագրեսիաները Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստանի հարավային եւ հարավարեւելյան շրջաններում այդ պետության ինքնիշխանության եւ երկու երկրների միջեւ կնքված հրադադարի համաձայնագրերի խախտում են։

Սենատը, ուշադրության առնելով № 26 (2020-2021) բանաձեւը  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, որն ընդունվել է Սենատի կողմից 2020թ. նոյեմբերի 25-ին, ռասիզմի եւ անհանդուրժողության դեմ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի խոհրդի ու ՄԱԿ-ի՝ ռասայական խտրականության վերացման կոմիտեի զեկույցների վկայություններն Ադրբեջանում հայ բնակչության ազատ տեղաշարժի անհնարինության մասին, ուշադրության առնելով այն, որ Լեռնային Ղարաբաղում հայ ազգաբնակչության անվտանգությունը եւ ազատությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից, ուշադրության առնելով այն, որ ղարաբաղյան հակամարտությունը եւ հակամարտությունն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի է ունենում հատկապես անկայուն տարածաշրջանում, որը գտնվում է Եվրամիության անմիջական հարեւանությամբ, եւ պարունակում է էսկալացիայի ռիսկեր տարածաշրջանային տերությունների մասնակցությամբ, կոչ է անում հարգել Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, անհապաղ եւ անվերապահորեն ազատել եւ տուն ուղարկել բոլոր հայ ռազմագերիներին։

Բանաձեւի նախագծի հեղինակները դատապարտել են Ադրբեջանի կողմից 1969թ. հունվարի 4-ի ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հավատարիմ մնալ միջազգային համաձայնագրերին եւ կոնվենցիաներին՝ ուղղված հայ ազգաբնակչության անվտանգության ու նրա իրավունքների ապահովմանը։

Բանաձեւը կոչ է արել  կառավարությանը դիտարկել այս նոր հարձակումների բոլոր դիվանագիտական եւ տնտեսական հետեւանքները եւ եվրոպացի գործընկերների հետ միասին դիտարկել ամենավճռական պատասխան միջոցները, ներառյալ ադրբեջանցի ղեկավարների ակտիվների կալանքը եւ գազի ու նավթի էմբարգոն։

Բանաձեւի հեղինակները կոչ են արել կառավարությանը քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ ստեղծելու հարցը, ցուցադրել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին բոլոր միջոցներով, հատկապես հաշվի առնելով Հայաստանի պաշտպանունակության ամրացումը նրա տարածքային ամբողջականության ապահովման համար։

Բացի այդ, Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել անհապաղ ձեռնարկել ցանկացած նախաձեռնություն՝ երաշխավորելու համար հայ ազգաբնակչության եւ Հայաստանի անվտանգությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, եւ այդ նպատակով խնդրել է միջանկյալ ուժեր տեղակայել՝ միջազգային հանրության հովանու ներքո։

Բանաձեւը հաստատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման եւ այդ ճանաչումը բանակցությունների գործիքի վերածելու անհրաժեշտությունը՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ