News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Լուրջ մտավախություն կա, որ, ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցներին ոչնչացնելու նպատակով, Թուրքիայի ծրագրած ցամաքային ներխուժումը Սիրիա՝ կարող է բացել «Իսլամական պետության» («Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում/ ԴԱԻՇ. այսուհետ ԻՊ) հազարավոր բանտարկված ահաբեկիչների ազատ արձակման դռները:

Սիրիայի քրդական ուժերը Սիրիայի հյուսիս-արեւելքում բանտարկել են ԻՊ-ի հազարավոր ահաբեկիչների ավելի քան 50 երկրներից:

Պենտագոնի խոսնակ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը ավելի վաղ ասել էր, որ «Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնում են ամերիկյան անձնակազմի անվտանգությանը, ովքեր աշխատում են Սիրիայում տեղական գործընկերների հետ՝ ԻՊ-ին հաղթելու եւ խմբավորման ավելի քան 10 հազար կալանավորների ձերբակալելու համար»:

Վերջերս Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի քրդական ռազմական կազմակերպություններին` Սիրիայում Ժողովրդական պաշտպանության միավորումներին (YPG) եւ Իրաքում Քրդական բանվորական կուսակցությանը(PKK):

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ չի սահմանափակվի «օդային արշավով». «Մենք կխորհրդակցենք մեր պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի հետ եւ միասին կորոշենք, թե մեր ցամաքային ուժերը որքան ներդրում պետք է ունենան, այնուհետեւ համապատասխան քայլեր կձեռնարկենք»:

«Իսլամական պետություն» ահաբեկչական շարժման վերածննդի դեմ պայքարը շարունակում է մնալ ԱՄՆ-ի բանակի առաջնահերթությունը: ԱՄՆ-ը դաշնակցում է Սիրիայում Ժողովրդական պաշտպանության միավորումների (YPG) հետ՝ ԻՊ-ին երկրից դուրս մղելու համար, մինչդեռ Էրդողանի եւ Սիրիայում քրդական ուժերի միջեւ հակամարտությունը կարող է տեղական հակամարտությունը վերածել լայնամասշտաբ պատերազմի:

Ռայդերը նշել է, որ «անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա իրականացնել` ԻՊ-ին հաղթելու առաքելության վրա կենտրոնանալու եւ ցամաքում գտնվող անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար, որը ներգրավված է խմբավորմանը հաղթելու առաքելությանը»:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը Fox News Digital-ին ասել է. «Մենք նորից ու նորից մատնանշել ենք Սիրիայում եւ Իրաքում գործող Քրդական բանվորական կուսակցություն/Սիրիայում Ժողովրդական պաշտպանության միավորումներ ահաբեկչական ցանցի կողմից մեր ազգային անվտանգության համար առկա սպառնալիքները: Մենք միշտ կոչ ենք արել անվերապահ եւ իրական համերաշխության՝ ընդդեմ ահաբեկչության՝ իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով»:

ԱՄՆ կառավարությունը Քրդական բանվորական կուսակցությունը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն Սիրիայում Ժողովրդական պաշտպանության միավորումները համարում է արժեքավոր գործընկեր՝ ԻՊ-ի դեմ պայքարում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը վերջերս կոչ է արել «անհապաղ դեէսկալացիա» իրականացնել:

Թուրքիայի ինտենսիվ օդային եւ անօդաչու թռչող սարքերով հարվածների հետեւանքով մահացել են սիրիացի քրդեր եւ ոչնչացվել են արդյունաբերական կարեւոր օբյեկտները Սիրիայի հյուսիսում, Fox News Digital-ին ասել է ԱՄՆ-ում Սիրիայի դեմոկրատական ​​խորհրդի խոսնակ Սինամ Մոհամադը։

Նրա խոսքով, տառապում են տարածաշրջանի հինգ միլիոն արաբները, քրիստոնյաները եւ քրդերը։

Նա հավելել է, որ Թուրքիան նոյեմբերի 19-ից 23-ը 47 անգամ ռմբակոծել է տարածաշրջանը, եւ ավիահարվածների հետեւանքով զոհվել է Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) վեց զինծառայող, այդ թվում՝ հակաահաբեկչական ուժեի երկու զինվոր, որոնք վերապատրաստվել են ամերիկյան բանակի կողմից։

Նա նշել է, որ թուրքական ուժերը ավիահարվածների այս փուլի սկզբից ի վեր սպանել են 15 խաղաղ բնակիչի։ Նրա խոսքով, թուրքերը հարձակվել են հիվանդանոցի վրա եւ «թիրախավորված հարվածներ հասցրել ԻՊ-ի անդամների բանտին շատ մոտ. «Պատկերացրեք, եթե նրանք թիրախ դարձնեին բանտը, եւ բանտարկվածները փախչեին։ Սա շատ կրիտիկական իրավիճակ է։ Միջազգային հանրությունը եւ ՄԱԿ-ը պետք է քայլեր ձեռնարկեն՝ կանխելու թուրքական ապակայունացումը»:

Երուսաղեմի ռազմավարության եւ անվտանգության ինստիտուտից Թուրքիայի առաջատար փորձագետ Հայ Էյտան Քոհեն Յանարոչակը լուրջ կասկածներ է հայտնել Թուրքիայի վերջին հարձակումների վավերականության վերաբերյալ։

«Ստամբուլում վերջին ահաբեկչությունն իրականացվել է սիրիական ուժերի կողմից, որոնք դժգոհ էին Թուրքիայի շրջադարձից, քանի որ Թուրքիան ազդարարեց, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ»,- ասել է նա Fox News Digital-ին։

«Էրդողանը շատ լավ գիտի, որ քրդերին պատժելը շատ ավելի հեշտ կլինի, քան սիրիացիներին։ Մենք գիտենք, որ «Սիրիայի ազատ բանակը» համարվում է Թուրքիայի դաշնակիցը։ Եթե ​​«Սիրիայի ազատ բանակը» մեղավոր ճանաչվի Ստամբուլի հարձակման համար, նրա արտաքին քաղաքական դոկտրինան կփլուզվի»:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունը հետաքննելու խնդրագիր է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանին։ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը իր դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության հետ միասին մերժել է հետաքննությունը։

Սիրիայում քրդական բոլոր զինված ուժերը, ինչպես նաեւ «Քրդական աշխատավորական կուսակցությունը» կտրականապես հերքում են Ստամբուլում տեղի ունեցած հարձակմանն իրենց մասնակցությունը։ Քուրդ գեներալ Մազլում Աբդին Fox News-ի թղթակից Ջենիֆեր Գրիֆինի հետ բացառիկ զրույցում ասել է, որ հարձակումն իրականացրած ահաբեկիչը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից է։

Իշխանությունները ձերբակալել են սիրիացի արաբ կնոջը, ով, ըստ թուրքական իշխանությունների, խոստովանել է իր մասնակցությունը պայթյունին: Էրդողանին մեղադրում են Սիրիայի հյուսիսում գործող արմատական ​​իսլամիստների նկատմամբ համակրանք ցուցաբերելու համար։

Թուրք քաղաքական վերլուծաբան եւ Philos Project-ի հետազոտող Ուզայ Բուլութը Fox News Digital-ին ասել է, որ «եթե Քոբանին գնա Թուրքիա, վերջինս այն կզբաղեցնի ջիհադիստական ​​կազմակերպությունների հետ միասին, ինչպես դա արել է սիրիական այլ քաղաքներում, ինչպիսիք են Իդլիբը եւ Աֆրինը»: Բուլութի խոսքով, «թուրքական վարչակարգը պետք է լիովին գիտակցի, որ նման օկուպացիան միայն օգնում է ԻՊ-ին եւ Ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբավորումներին տարածաշրջանում»:

Թուրք պաշտոնյան հերքել է նման փաստարկը եւ Fox News Digital-ին ասել է. «Մենք ՆԱՏՕ-ի միակ դաշնակիցն ենք, որը տեղում է եւ հենց սկզբից դեմ առ դեմ կռվել է ԻՊ-ի դեմ»:

Թուրքիայի արտաքին քաղաքական կարգավիճակն Ուկրաինայի պատերազմից հետո փոփոխվել է։ Վաշինգտոնի ինստիտուտի թուրքական հետազոտական ​​ծրագրի տնօրեն Սոներ Չաղափթայը հայտարարել է, որ «Թուրքիան ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային»՝ ընդդեմ Ռուսաստանի։

Թուրքիան ականազերծված 50 մեքենա է մատակարարել Ուկրաինային. Էրդողանի կառավարությունը Ուկրաինային վաճառել է նաեւ Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք։

Նույնիսկ հաշվի առնելով Թուրքիայի բարելավված միջազգային հեղինակությունը, Չաղափթայը չի հավատում, որ Բայդենի վարչակազմը սիրիացի քրդերին կթողնի բախտի քմահաճույքին: «Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի համար աճել է, սակայն դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ լքել է Սիրիայում Ժողովրդական պաշտպանության միավորումներին (YPG)»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ