News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատրաստած հայտարարության նախագծի տեքստը։ Այս պահին ընթանում է ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը։ Սա առաջին դեպքն է, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի արգելափակում ընդդիմության նախաձեռնությունը՝ հանդես գալով հայտարարության նախագծի քննարկման օգտին։ Սակայն չի հաջողվել որոշ կետերով համաձայնության հասնել, ուստի ՔՊ-ականները մտադիր են քվեարկության ժամանակ ձեռնպահ մնալ։ ԱԺ հայտարարության նախագծում, մասնավորապես, ասվում է՝

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝ ՀՀ Ազգային ժողովն արձանագրում է՝

  1. Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման եւ իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետեւանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան՝ ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։
  2. 1994թ․ մայիսի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքն Ադրբեջանը պարբերաբար խախտել է։
  3. Ադրբեջանը, Թուրքիայի եւ վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվմամբ, 2020թ․ սեպտեմբերի 27-ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջեւ հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։
  4. 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը եւ այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ եւ բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ եւ գյուղեր։
  5. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարաքծներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը։
  6. Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում եւ 2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատանքները, ինչպես նաեւ խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների դուրսբերմանը։
  7. Ադրբեջանն իր մտադրություններով եւ քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021թ․ հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի եւ դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը։

Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է նաեւ Ադրբեջանի խորհրդարանի 2022թ․ նոյեմբերի 8-ի ընդունված փաստաթղթով՝

Հայտարարում է․

  1. Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաեւ շանտաժի եւ ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը։
  2. Ադրբեջանական կողմը պատրավոր է իր զինված ուժերն անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ․ մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը։
  3. Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերն ու պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինները,դադարեցնի էթնիկ զտման եւ մշակութային արժեքների ոչնչաացման, յուրացման քաղաքականությունը։
  4. Մենք համոզված ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձեւ, բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որեւէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
  5. Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը եւ տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով։ Մեզ համար անընդունելի է շանտաժների եւ ուլտիմատումների լեզուն։
  6. Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարեւորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների։ Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան։ Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ անկախության հռչակագրի, ՀՀ սահմանադրության եւ օրենքների համաձայն, սատարելու է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը եւ Արցախի միջազգային ճանաչմանը։ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝

  • Գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային եւ դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը;
  • Պատասխանատվության ենթարկել եւ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար;
  • Նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

Դիմում ենք միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում։

Հիմնավորում

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանը 44-օրյա պատերազմի մասին օրերս հայտարարություն է ընդունել՝ տալով Ղարաբաղյան հակամարտության էությունը նենգափոխող, սեփական ռազմական հանցագործություններ արդարացնող, ՀՀ ու Արցախի միջազգային վարկանիշին վնասող գնահատականներ։

Ադրբեջանը «հիմնավորել է» իր ագրեսիվ գործողությունները, հանդես եկել ՀՀ ու Արցախի դեմ սպառնալիքներով։

ՀՀ խորհրդարանը չի կարող անպատասխան թողնել այդ հայտարարությունը եւ հանդես չգալ միջազգային հանրությանն ապակողմնորոշող ադրբեջանական հայտարարության դեմ։

ՀՀ խորհրդարանի հայտարարությունը եւս մեկ անգամ կարձանագրի մեր երկրի անվտանգությանը վերաբերող կարմիր գծերը, աշխարհին ուղերձ կհղի արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրանց իրացմանը սատար կանգնելու իր վճռականության մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արեւմուտքը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշումներին․ Ալեքսանդր Ռար
Ամբողջ Արեւմուտքը հաստատակամորեն որդեգրել է այն դիրքորոշումը, որ ազգային փոքրամասնությունների ինքնորոշման հարցը հետին պլան է մղվել...
ԵԽԽՎ բանաձևում ներառվել են հայկական պատվիրակության առաջարկները
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն…
Ադրբեջանը 3 պատերազմ է սկսել հայերի դեմ, հնարավո՞ր է ԼՂ-ն պատկերացնել նրա կազմում. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Այսօր մենք Լեռնային Ղարաբաղում ականատես ենք ծանր հումանիտար ճգնաժամի...
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը «մոռացել է» պատմել գերեվարված հայ զինվորների գնդակահարության մասին
Նամակում թվարկված են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ադրբեջանական «ապացույցները», որոնք հիմնված են շինծու նյութերի վրա․․
Հայկական կողմը պատրաստ է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը. Միրզոյան
Այժմ շրջանառվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման գաղափարը. հայկական կողմը պատրաստ է դրան...
Գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի նախագծի մասին
Անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ մենք ավելի քան մեկ ամիս առաջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ