News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական իշխանությունները փողերի լվացման կասկածանքով ձերբակալել են ռուս մեծահարուստ գործարարի՝ «օլիգարխների եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված այլ անձանց կողմից հնարավոր հանցավոր գործունեությունը զսպելու ջանքերի ֆոնին», հաղորդում է AP-ն:

Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը հայտնել է, որ մասնագիտացված ստորաբաժանման ավելի քան 50 աշխատակիցներ հինգշաբթի օրը խուզարկել են Լոնդոնում կասկածյալի տունը՝ առգրավելով մի շարք թվային սարքեր եւ «զգալի» կանխիկ գումար: Կասկածյալի անունը չի հրապարակվում։

«Կլեպտոկրատիայի դեմ պայքարի հենց այս տարի ստեղծված NCA-ի բջիջը զգալի առաջընթաց է գրանցել օլիգարխների, նրանց աջակցող եւ օգնող պրոֆեսիոնալ ծառայություններ մատուցողների եւ ռուսական ռեժիմի հետ առնչվող հնարավոր հանցավոր գործունեության հետաքննման հարցում»,- շաբաթ օրն ասել է գործակալության գլխավոր տնօրեն Գրեմ Բիգարը: «Մենք կշարունակենք օգտագործել մեր ունեցած իրավասություններն ու մարտավարությունը՝ այս սպառնալիքը կասեցնելու համար»։

Մեծ Բրիտանիան նախկինում պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 1300 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում՝ 120 հարուստ գործարարների նկատմամբ, որոնց համաշխարհային ակտիվները գնահատվում են ավելի քան 130 միլիարդ ֆունտ սթեռլինգ (160 միլիարդ դոլար), ըստ բրիտանական կառավարության տվյալների:

Գործարարը, ում տանը խուզարկություն է անցկացվել, ձերբակալվել է փողերի լվացման, սուտ վկայություն տալու նպատակով դավադրության եւ ներքին գործերի նախարարությանը, կառավարական գործակալությանը, իրավապահ մարմիններին խաբելու նպատակով դավադրության կասկածանքով:

35-ամյա տղամարդը, որն աշխատում է կասկածյալի բնակության վայրում, նույնպես ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրան տեսել են, որ դուրս է գալիս իր տնից հազարավոր ֆունտ սթեռլինգ կանխիկ գումար պարունակող պայուսակով, հայտնում է գործակալությունը: Երրորդ տղամարդը՝ 39-ամյա, գործարարի ներկայիս զուգընկերուհու նախկին ընկերը, ձերբակալվել է Լոնդոնի արեւմտյան Պիմլիկո շրջանում գտնվող իր տանը՝ հանցագործությունների, ներառյալ փողերի լվացման եւ խարդախության նպատակով դավադրության կասկածանքով։

NCA-ն հայտարարել է, որ այս գործողությունը կոռումպացված միջազգային գործարարներին եւ նրանց համախոհներին ճնշելու իր ջանքերի մի մասն է: «Հանցավոր սպառնալիքի վերացման կամ նվազեցման 100 գործողություն է իրականացվել Պուտինի հետ կապված էլիտայի դեմ»,- հաղորդել է գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ