News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) համագործակցության շրջանակում ձևավորվել է աշխատանքային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման մեխանիզմների բարելավման վերաբերյալ օրենսդրական առաջարկներ ներկայացնելու նպատակով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:

«Հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացումը սկսում է ամբողջ հանրության շրջանում դրա գիտակցումից, որտեղ առանցքային է կրթության ոլորտը: Կրթության համակարգը կարող է և պետք է նպաստի, որպեսզի այդ իրավունքի իրացումն ընկալվի որպես հասարակության ներսում ակնհայտորեն ենթադրվող իրողություն: Այս գործընթացը ենթադրում է, որ մենք պետք է ներառականության ապահովումը դարձնենք մի երևույթ, որի մասին հետզհետե քիչ կխոսենք: Դա պետք է դառնա մեր գործելու կանոնը»,- ողջույնի խոսքում ասել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ միջոցառումներն ու քննարկումները, որոնք միտված են ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնմանն ու լուծումների հնարավոր տարբերակների ուղենշմանը:

«Դեկտեմբերի 3-ը նշվում է որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ հանրային ուշադրությունը սևեռել նրանց խնդիրների վրա: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» մասին օրենքը, ի թիվս այլնի, ամրագրում է պետության պարտավորությունը, որի արդյունքում պետք է ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով, ուղղակիորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով արդյունավետ և լիարժեք մասնակցությունը քաղաքական ու հասարակական կյանքին, ներառյալ քվեարկելու և ընտրվելու իրավունքն ու հնարավորությունը»,- նշել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն ու հավելել, որ IFES-ի հետ ձևավորված աշխատանքային հարթակի նպատակն էր հավաքագրել և օրենսդրական առաջարկներ ներկայացնել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի անարգել իրացման մեխանիզմների վերաբերյալ:

Քննարկմանը, որին մասնակցում էին ոչ միայն պետական, այլև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ներկայացվել են աշխատանքային հարթակի շրջանակում կատարված աշխատանքը:

Տպել
Ամենաշատ