News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Երբ նոյեմբերին Բուխարեստում ՆԱՏՕ-ի 30 արտգործնախարարներ հանդիպել էին, որպեսզի նշեն Ուկրաինային եւ Ռուսաստանի ճնշման տակ գտնվող տարածաշրջանային խաղացողներին օգնելու հետագա ծրագրերը, աչք էր ծակել ֆրանսիացի նախարարի բացակայությունը, գրում է Reuters-ը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան նախագահ Էմանուել Մակրոնի հետ պետական այցով գտնվում էր ԱՄՆ-ում, թեեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հաջողվել էր այցելել Բուխարեստ։

Եվրոպացի դաշնակիցների, հատկապես արեւելյան պետությունների համար, որոնք ավելի մոտ են ռազմաճակատին, սա եւս մեկ պատճառ էր, որ անհանգստանան Ուկրաինայի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության եւ այն բանի համար, թե արդյոք նա թույլ օղակ է արեւմտյան դաշինքում, որին աջակցում է Կիեւին:

Բուխարեստում հանդիպումից երկու օր անց, ֆրանսիական եւ ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Ուկրաինայի մասին Մակրոնի խառը մեսիջները մեծացրել էին անհանգստությունը, որն ավելի հրապարակային է դառնում Արեւելյան Եվրոպայի որոշ մայրաքաղաքներում:

Մի կողմից՝ Կիեւը պետք է որոշի, թե երբ բանակցություններ վարի Մոսկվայի հետ, ասել է Մակրոնը, բայց մյուս կողմից՝ նա կրկնել է մեկնաբանությունները, որոնք Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների կոչ են անում, երբ գա բանակցությունների օրը։

«Oh FFS (սատանան տանի),- գրել է Էստոնիայի նախկին նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը Twitter-ում՝ արտացոլելով Ֆրանսիայի արեւելյան դաշնակիցներից շատերի ընդհանուր տրամադրությունը:

Ուկրաինայի արձագանքը արագ ու կտրուկ էր։ Նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավոր օգնական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ աշխարհին անհրաժեշտ են Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ, այլ ոչ թե հակառակը։

Նման մեկնաբանությունները առաջացրել են ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի արեւելաեվրոպական եւ բալթյան դաշնակիցների զայրույթը եւ զգուշավորություն Մակրոնի մտադրությունների հանդեպ, չնայած Փարիզը զգալի ռազմական եւ ֆինանսական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային, հայտարարել են դիվանագետներն ու նախկին քաղաքական գործիչները:

Արեւելյան դաշնակիցների շրջանում գրգռվածությունը խաթարել է եվրոպական «ռազմավարական ինքնավարությունը» ամրապնդելու Մակրոնի սեփական քաղաքական օրակարգը, որն անջատված է ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ի հովանոցից, ընդ որում՝ արեւելյան դաշնակիցներն այժմ ավելի շատ են վստահում Միացյալ Նահանգներին:

Արեւելյան Եվրոպայից մի դիվանագետ ասել է, որ Մակրոնը ժամանակին «սխալ է հասկացել» Ռուսաստանին եւ վախենում է, որ նա նորից դա կանի:

Ռուսաստանի վերաբերյալ իր վերջին մեկնաբանությունների քննադատությունների վերաբերյալ լրագրողների հարցին Մակրոնն Ալբանիայում ԵՄ գագաթաժողովի շրջանակներում պատասխանել է. «Չեմ կարծում, որ մենք պետք է դրանից մեծ բան սարքենք եւ հակասություններ ստեղծենք այնտեղ, որտեղ դրանք չկան․․․ Ես միշտ ասել եմ… որ խաղաղ բանակցությունների վերջում կլինեն տարածքային հարցեր, որոնք վերաբերում են ուկրաինացիներին, եւ կլինեն հավաքական անվտանգության հարցեր ամբողջ տարածաշրջանի համար»:

Ֆրանսիացի դիվանագետները եւ նախագահության ներկայացուցիչները ընդգծում են, որ Ֆրանսիան երբեք չի խուսափել Կիեւին քաղաքական, ռազմական եւ հումանիտար օգնություն տրամադրելուց, եւ Մակրոնը բազմիցս խորհրդակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ Պուտինի հետ գործ ունենալուց առաջ։

Բայց անվտանգության երաշխիքների մասին Մակրոնի խոսակցությունները նյարդայնացրել են նաեւ նրա մերձավոր արեւմտյան դաշնակիցներին, որոնք դրանք անտեղի են համարում:

«Արտաքին քաղաքականության մեջ երբեք պետք չէ ամեն ինչ բարձրաձայն ասել։ Ճիշտ լինելը բավական չէ»,- Twitter-ում գրել է Վաշինգտոնում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոն՝ չնշելով Մակրոնի անունը, բայց վերջում ավելացրել է բազմիմաստ «հառաչանք»: «Դուք պետք է դա ասեք ճիշտ պահին, այլապես ձեր ուզածի հակառակը ստանալու ռիսկի եք դիմում»,- ասել է նա:

Քննադատության վերջին բռնկումը անտարբեր չի թողել Փարիզին, քանի որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մակրոնը վերանայել է իր ուղերձը Ռուսաստանի վերաբերյալ:

Այն բանից հետո, երբ Մակրոնը զայրացրեց Ուկրաինային եւ արեւելյան եվրոպացիներին՝ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասելով, որ Ռուսաստանին չպետք է «նվաստացնել», Մակրոնը շրջադարձ կատարեց՝ ՄԱԿ-ում իր ելույթում ասելով, որ չեզոք երկրները մեղսակից են, երբ լռում են հակամարտության մասին: Ֆրանսիան նաեւ ավելացրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը եւ այն ավելի հրապարակային է դարձրել:

Որոշ իմաստով խառը հաղորդագրությունները զարմանալի չեն:

2017 թվականից Մակրոնի արտաքին քաղաքականության հիմքում ընկած են եղել նախաձեռնություններն ու ալիքին հակառակ շարժվելը։ 2019 թվականին նրա մեկնաբանություններն այն մասին, թե ՆԱՏՕ-ի «ուղեղը մեռած է», դաշինքում ճգնաժամ չառաջացրեց, այլ ավելի շուտ կառուցողական բանավեճ առաջացրեց նրա առաքելության վերաբերյալ:

Մակրոնը հազվադեպ է հրաժարվում իր մեկնաբանություններից։ Նա փորձում է բացատրել, համոզել, որ ճիշտ է, եւ իր վարպետությունը ցուցադրել միջազգային ասպարեզում, ասում են նրա համախոհները։

Նա սովորաբար եռանդուն է, սիրում է բարդ խնդիրներ լուծել եւ կարողանում է որսալ պահը։ Սակայն ավելի շատ քննադատներ ու դաշնակիցներ են Ռուսաստանի վրա նրա հարձակումները համարում նրա հիմնական արտաքին քաղաքական սխալը:

Նրանք նշում են, որ Մակրոնը մնում է լուսանցքում, երբ խոսքը Ռուսաստանի ուղղակի պարտության հնարավորության մասին է։

Արեւելյան Եվրոպայում Մոսկվայի նախկին խորհրդային արբանյակների աչքում Ռուսաստանը պետք է նվաստացվի, որպեսզի նրանց տարածքային ամբողջականությանը այլեւս երբեք ոչինչ չսպառնա: Սակայն Մակրոնը կարծում է, որ Ռուսաստանի ցանկացած պարտության պետք է մոտենալ պատմությանը նայելով։

Այս տրամաբանական գիծը համախոհներ ունի Ֆրանսիայում, որտեղ դպրոցներում սովորեցնում են, որ Վերսալի պայմանագիրը, որը վերջ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին՝ Գերմանիայի դեմ ջախջախիչ ֆինանսական եւ տարածքային պատժամիջոցներ սահմանելով, դառնություն է բորբոքել եւ ճանապարհ է հարթել դեպի Երկրորդ համաշխարհային պատերազմ:

Սակայն Արեւելյան Եվրոպայի բնակիչները մտավախություն ունեն, որ Պուտինի հետ Մակրոնի երկխոսությունը այն օգտակար կդարձնի Ռուսաստանի առաջնորդի համար, որը Վաշինգտոնի մեջ տեսնում է արեւմտյան ուժի աղբյուր, իսկ Մակրոնի մեջ տեսնում է գործիք՝ Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ տարաձայնությունները օգտագործելու համար:

Ռուս բարձրաստիճան դիվանագետն ասել է, որ Մակրոնն աչքի է ընկնում իր տեսլականով եւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջեւ ապագա հարաբերությունները պահպանելու, այլ ոչ թե կամուրջները այրելու ցանկությամբ, ինչպես ակնհայտորեն ցանկանում են մյուսները։

2017 թվականին իր նախագահության սկզբից Մակրոնը ձգտում է ռազմավարական «երկխոսության» Ռուսաստանի հետ։ Նա Պուտինին հրավիրել է Վերսալի շքեղ սրահներ։ Սիմվոլիզմը աշխուժացրել եւ շոյել է Պուտինին, բայց էական բեկումների չի հանգեցրել։

Այնուամենայնիվ, Մակրոնը համառորեն ձգտում էր բաց պահել Պուտինի հետ հաղորդակցության ուղիները՝ վերջին անգամ փորձելով անվտանգության գոտի ստեղծել Ուկրաինայի հարավում գտնվող առաջին գծի ատոմակայանի շուրջ, որը բազմիցս գնդակոծվել է: Տեսանելի արդյունքներ չկան:

Եվ չնայած Մակրոնը Վաշինգտոն կատարած իր այցից առաջ ասել էր, որ կխոսի Պուտինի հետ «առաջիկա օրերին», դեռեւս զանգ չի եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա վտանգավոր կլինի Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Անշուշտ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ի համար կարևոր է նաև էներգետիկ անվտանգության պատճառով...
Հարավային Կորեան հայտնել է, որ Հյուսիսային Կորեան 7000 կոնտեյներ զինամթերք է մատակարարել Ռուսաստանին
Հայտարարությունը հնչել է մի քանի ժամ անց այն բանից հետո...
Ռուսաստանը հայտնել է, որ Ղրիմում ահաբեկչություն է կանխել
Կնոջ մոտից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնց վրա հայտնաբերվել է նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ...
Պուտին. Ռուսաստանը կարող է «սանիտարական գոտի» ստեղծել Ուկրաինայում
Պուտինը չի հստակեցրել, թե որքան կարող է լինել «սանիտարական գոտու» խորությունը...
Չեխիան զինամթերք է գնում Ուկրաինայի համար, այդ թվում՝ Ռուսաստանի դաշնակիցներից. WSJ
Խոսքը 300 հազար խորհրդային արտադրության արկերի մասին է, մոտ 500 հազար՝ արեւմտյան արտադրության...
Եվրահանձնակատարը հայտնել է, որ հակամարտությունն Ուկրաինայում փոխել է ԵՄ տնտեսական պատկերը
Հակամարտությունն Ուկրաինայում փոխել է պատկերը...
Ամենաշատ