Երևանում այսօր բավականին ինտենսիվ բնակարանաշինություն է իրականացվում ինչպես քաղաքի կենտրոնում, այնպես էլ ծայրամասերում, և անմիջապես կառուցապատողից բնակարան գնել ցանկացողներն ունեն ընտրության բավականին մեծ հնարավորություն։ Կառուցապատողների առաջարկներին կարելի է ծանոթանալ նրանց կայքերում և սոցիալական ցանցերի էջերում, դրանցից շատերն աշխատում են նաև անշարժ գույքի գործակալությունների հետ։

Կառուցապատողներն առաջարկում են ե՛ւ պատրաստի, ե՛ւ կառուցման փուլում գտնվող բնակարաններ։ Շինարարության փուլում բնակարան գնելն ունի ե՛ւ առավելություններ, ե՛ւ ռիսկեր։ Այս փուլում բնակարան գնելու հիմնական առավելությունն այն է, որ դրանք վաճառվում են պատրաստիի համեմատ 5-30%-ով ավելի էժան։ Լրացուցիչ առավելությունն այն է, որ շինարարության փուլում ավելի շատ բնակարանների ընտրություն կա։ Իսկ այստեղ հիմնական ռիսկն այն է, որ շինարարությունը կարող է շատ  երկար տևել, կամ գնորդն ընդհանրապես կարող է առանց բնակարանի մնալ։ Յուրաքանչյուր գնորդ իր համար պետք է համեմատի ռիսկերն ու օգուտները և որոշում կայացնի:

Ռիսկերից հնարավորինս պաշտպանվելու համար banali.am անշարժ գույքի հարթակի մասնագետները մի քանի պարզ խորհուրդ են տալիս ( Ի դեպ Banali.am-ը հրապարակում է նաև ոլորտի մասնագետների հետ անշարժ գույքի վերաբերյալ տեսազրույցների շարք՝ «Բանալիտիկ զրույցներ»՝ այդ թվում և «Անմիջապես կառուցապատողից բնակարան գնելիս» թեմայով, որոնք կարելի է դիտել ընկերության ֆեյսբուքյան կամ յութուբյան էջերում)․

1.Պետք է որքան հնարավոր է շատ տեղեկություններ հավաքել շինարարական ընկերության մասին: Նախևառաջ պետք է ճշտել.

  • Որքան ժամանակ է ընկերությունն աշխատում բնակարանների կառուցապատման ոլորտում,
  • Բնակիչների կարծիքն ավարտված ծրագրերի վերաբերյալ,
  • Կառուցապատողի նախագծերի հետ կապված աղմկահարույց իրավիճակների առկայություն՝ դատավարություն, օբյեկտներում դժբախտ պատահարների փաստեր,
  • Շինարարական աշխատանքների տեմպը, ժամկետները․ որքանով են դրանք հետ ընկնում կամ համապատասպանում հայտարարվածին: Այստեղ պետք է չշփոթել և հստակեցնել թե շինարարական աշխատանքների ավարտը, թե շահագործման հանձնման ժամկետները, քանի որ դրանք տարբեր հասկացություններ են և կարող են էականորեն տարբերվել, հատկապես երբ բնակելի համալիրը բաղկացած է մի քանի մասնաշենքերից:
  • Կարելի է նաև անձամբ այցելել ընկերության կողմից կառուցված այլ շենքեր և տեղում գնահատել շինարարության որակը, իհարկե Կառուցապատող ընկերության աշխատակցի ուղեկցությամբ, քանի որ շինարարության որակը միշտ չէ, որ կարելի է գնահատել նրա հիման վրա, ինչ տեսանելի է, և պահանջում է մասնագիտական գիտելիքներ ու կոնկրեկտ շենքին վերաբերող ինֆորմացիա:
  • Ընկերության կամ այն կազմակերպության գրասենյակը, թիմը, ում պատվիրակված է վաճառքի գործընթացը նույնպես կարող են որոշակի ցուցիչ հանդիսանալ։
  • Պետք է նաև նկատի ունենալ, որ կայացած, հայտնի կառուցապատողների՝ հատկապես պրեմիում դասի շենքերում, քմ արժեքները կարող են համեմատաբար ավելի թանկ լինել․ այստեղ ևս գործում է Բրենդի արժեք հասկացությունը:

Banali.am-ի մասնագետները նշում են, որ եթե ​​ընկերությունը երկար ժամանակ աշխատում է շուկայում եւ ունի մի շարք հաջողված նախագծեր, ապա կառուցապատման փուլում բնակարան գնելու ռիսկերը նվազագույն են։ Եթե ​​շինարարական ընկերությունը նոր է, ապա կարելի է փորձել պարզել, թե ովքեր են հիմնադիրները։ Օրինակ՝ սա կարող է լինել մեկ այլ ոլորտում հաջողակ ընկերության կամ գործարարի նոր նախագիծը, որի դեպքում կառուցապատողի նկատմամբ վստահության մակարդակը նույնպես ավելի բարձր կլինի։ Նոր, դեռ չի նշանակում վատ, պարզապես զգոնությունը երբեք ավելորդ չի լինում։

2.Ամեն դեպքում, ռիսկերից խուսափելու համար կառուցապատողի / համագործակցող ընկերության հետ հանդիպելիս պետք է նրանցից պարզել հետեւյալ տեղեկությունները.

  • Որո՞նք են կառուցապատման փաստաթղթային հիմքերը։ Բարեխիղճ կառուցապատողը պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը՝ հողամասի օգտագործման իրավունքի հաստատում և շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն, Միեւնույն ժամանակ պետք է ուշադրություն դարձնել տարածքի նշանակությանը, որը պետք է համապատասխանի կառուցապատողի գործողություններին, ինչպես նաև թույլատրած հարկերի քանակին՝ չբախվելու այնպիսի խնդիրների, երբ թույլտվությունը X հարկի համար է, իսկ Ձեզ առաջարկվող բնակարանը՝ X+երորդ հարկում է:
  • Իրավական խնդիրներ։ Վճարման պայմանները, այդ թվում՝ արտարժույթ թե ՀՀ դրամ, և շինարարության ընթացքում դրա չափը փոխելու հնարավորությունը, օբյեկտի շինարարության ձգձգման և շահագործման հանձնելու հետաձգման համար տույժի չափը, պայմանագրի խզման պայմանները և բնակարանի մակերեսի փոփոխման հնարավորությունը:

banali.am-ի փորձագետները բոլոր դեպքերում խորհուրդ են տալիս կնքել նոտարի կողմից վավերացված պայմանագիր, որը գնորդին կպաշտպանի հնարավոր տհաճ անակնկալներից, մանավանդ, որ նոտարը չի վավերացնի պայմանագիրը առանց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ստուգելու, իսկ իրեն հարգող կառուցապատողը, եթե գործում է իրավական դաշտում, չպետք է խուսափի գործարքի ընթացիկ փուլերի՝ նոտարի կողմից վավերացումից, այ իսկ հակառակ իրավիճակը կասկածի տեղիք պետք է տա։ Նույնը վերաբերելի է նաև, այսպես կոչված, «փակովի» տարբերակներին․ այս դեպքում պետք է կնքվի տարաժամկետ վճարման պայմանագիր՝ նոտարական վավերացմամբ։

Այստեղ տեղին է հիշել, որ 2015-ից Հայաստանում օրենսդրորեն ամրագրվել է նոր հասկացություն՝ «կառուցվող շենքում անշարժ գույք ձեռք բերելու իրավունք», որը հնարավորություն է տալիս սեփականության իրավունքով գնել ապագայում կառուցվելիք անշարժ գույք։ Գործարքը նախնական արձանագրվում է Անշարժ գույքի կադաստրի պետական ​​կոմիտեի կողմից, ինչը հնարավորություն է տալիս խուսափել նույն բնակարանը տարբեր գնորդներին վաճառելուց։ Ընդ որում, գնորդի գումարը կուտակվում է հատուկ հաշվում, և կառուցապատողին հասանելի է դառնում միայն գույքը գնորդին փոխանցելու ակտը ստորագրելուց հետո։ Եթե ​​գնորդը մնում է առանց բնակարանի, գումարը վերադարձվում է նրան։ Հիփոթեքային վարկի դեպքում վերադարձվում են նաև տոկոսները:

3.Ինչպիսի՞ն կլինի օբյեկտի ենթակառուցվածքը։ Առաջին հերթին արժե ճշտել շենքի տարածքի պայմանները՝ հեռավորությունը մայրուղիներից, արդյունաբերական ձեռնարկություններից, աղբավայրերից և գերեզմանատներից: Ինչպես նաև պետք է ուշադրություն դարձնել ստորգետնյա և բակում հնարավոր ավտոկայանատեղիների առկայությանը։

Կարևոր է նաև կառուցապատողին հարցնել մանկական և սպորտային հրապարակների, հանգստի և կանաչապատ վայրերի ստեղծման մասին: Եթե ​շենքը կառուցվում է նոր տարածքում, ապա կարևոր է պարզել, թե արդյոք նախատեսվում է տարածքում մանկապարտեզներ, դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրի կենտրոններ և այլ ենթակառուցվածքային օբյեկտներ ստեղծել, ինչպես նաև դրանց ստեղծման ժամկետները:

4.Նորակառույց շենքում բնակարան գնելիս պետք է հաշվի առնել ոչ միայն բուն բնակարանի արժեքը, այլև պարզել, թե հետագայում որքան կարժենա այդ շենքում սպասարկման վճարը, հատկապես եթե գնորդը տարիներ շարունակ գումար է տնտեսել, որպեսզի վճարի հիփոթեքի կանխավճարը, այնուհետև յուրաքանչյուր ամիս՝ հիփոթեքի ամսավճարը, ապա առավել ևս նրան պետք է հուզի, թե որքան են կազմելու իր երազած շենքում սպասարկման և կոմունալ վճարները։ Նորակառույց շատ շենքեր ունեն անվտանգության, մաքրության, կանաչապատման ծառայություն, սեփական կենտրոնացված ջեռուցման կամ հովացման և այլ ինժեներական համակարգեր, որոնց սպասարկման համար, գնորդը՝ բնակիչը, պետք է լրացուցիչ վճարի՝ ի հավելումն կոմունալ ծառայությունների: Այդպիսի շենքերում կոմունալ ծառայությունները նույնպես կարող են թանկ լինել, քանի որ այդ շենքերը մեծամասամբ գազով չեն ապահովվում, այլ միայն էլեկտրականությամբ։ Այնպես որ, գնորդը պետք է հաշվի առնի այս ամենը: Բայց եթե գնորդը պատրաստ է վճարել այս բոլոր լրացուցիչ հարմարությունների համար, այդ դեպքում արժե բնակարան փնտրել պրեմիում դասի շենքերում։

5.Շատ գնորդներ վարանում են նոր շենքերում բնակարան գնել՝ կասկածելով շինարարության որակի վրա։ Նրանց խոսքով՝ հին շենքերն «անցել են ժամանակի փորձությունը»։ Սակայն անշարժ գույքի մասնագետներն ասում են, որ Երևանի հին շենքերն արդեն բավականին մաշված են, ավելին, ավելի վաղ շինարարական ստանդարտները նախատեսում էին մինչև 6 բալ սեյսմակայունության մակարդակ, այժմ՝ մինչև 9 բալ։

www.banali.am-ը անշարժ գույքի նորարարական և հարմարավետ հարթակ է: Ընկերության ակունքներում կանգնած են Հայաստանի քաղաքաշինության և ներդրումային ոլորտի առաջատարներից, ինչի շնորհիվ ընկերությունը վստահության, կայունության, պրոֆեսիոնալիզմի մեծ պաշար ունի: Այստեղ հնարավոր է արագ վաճառել, վարձով տալ, գնել, վարձակալել ցանկացած անշարժ գույք (գրասենյակային, կոմերցիոն, բնակարան, առանձնատուն և այլն), օգտվել թե՛ անվճար հնարավորությունից, թե՛ գործակալական ծառայություններից՝ տնտեսելով ժամանակը և նյարդերը: Կայքում առկա են հազարավոր հայտարարություններ՝ թե՛ վարձակալության, թե՛ վաճառքի, թե՛ մատչելի, թե՛ լյուքս տարբերակներ, թե՛ նորակառույց, թե՛ ոչ նորակառույց շենքերում, թե՛ երկրորդային շուկայից, թե՛ անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև առանց միջնորդի տարբերակներ՝ անմիջապես տանտերերից:

Կայքն ունի հարմար ֆիլտրեր, այդ թվում՝ «Կառուցապատողի կողմից» ֆիլտրը, որն ընտրելով կարելի է ծանոթանալ շինարարական ընկերությունների նոր առաջարկներին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ կառուցապատողի և առկա շինթույլտվությունների մասին։ Banali.am-ը սիրված է նաև արտերկրից վարձակալների/ գնորդների շրջանում։ Banali.am-ը առաջինն է անշարժ գույքի շուկայում, ուր Ձեր բնակարանի հայտարարությունը տեղադրելիս կարող եք պատվիրել «VR room tour», որը բնակարանը ներկայացնելու ամբողջովին նոր մշակույթ է: Banali.am-ը առաջինն է նաև, ուր կարելի է անմիջապես կայքից դիմել օնլայն հիփոթեքի: