News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում Իտալիայի դեսպանատները գտնվում են անարխիստների հարձակումների սպառնալիքի տակ, որոնք կապված են հացադուլ հայտարարած Ալֆրեդո Կոսպիտոյի գործի հետ։ Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին, հաղորդում է Reuters-ը:

55-ամյա Կոսպիտոն իտալացի անարխիստ է, որն արդեն ավելի քան 100 օր հացադուլ է անում՝ ի նշան «41-բիս» մեկուսացման խիստ ռեժիմով բանտարկության դեմ բողոքի։   

«Մենք բարձրացնում ենք անվտանգության մակարդակը մեր բոլոր դեսպանատներում եւ հյուպատոսություններում, քանի որ այս պահին միջազգային անարխիստները մոբիլիզացված են իտալական պետության դեմ»,-ասել է Տայանին Հռոմում կայացած մամուլի ասուլիսում:

Դեկտեմբերին հունական անարխիստական խումբը ստանձնել է իտալացի դիվանագետի տան հրկիզման պատասխանատվությունը՝ այն անվանելով Կոսպիտոյի հետ համերաշխության գործողություն:

Տայանին այս միջադեպն անվանել է մինչ օրս ամենալուրջը, սակայն հայտնել է, որ նոյեմբերից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ այլ հարձակումներ, վանդալիզմի գործողություններ եւ ցույցեր:

Նրա խոսքով՝ Իտալիայի դեսպանատները, հյուպատոսությունները կամ մշակութային ինստիտուտները հարձակումների թիրախ են դարձել Բոլիվիայում, Չիլիում, Արգենտինայում, Բրազիլիայում, Իսպանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում:

Երկուշաբթի օրը Կոսպիտոն Սարդինիայի բանտից տեղափոխվել է Միլանի բանտ՝ ավելի լավ բժշկական պայմաններով, ինչպես պահանջում էր բանտարկյալների ազգային օմբուդսմենը:

Բանտարկյալը, ով կորցրել է ավելի քան 40 կգ եւ հաղորդվում է, որ այնքան թույլ է, որ դժվարությամբ է քայլում եւ տաքանում, սնվում է միայն ջրով, շաքարով եւ մեղրով:

Վարչապետ Ջորջիա Մելոնիի աջակողմյան կառավարությունը բացառել է բանտարկյալի պահման ռեժիմի մեղմացման հնարավորությունը՝ ասելով, որ նա չի կարող ենթարկվել սպառնալիքների  կամ ահաբեկչական գործողությունների։

Կոսպիտոն այս ռեժիմի է ենթարկվել մայիսին այն բանից հետո, երբ բանտից հոդվածներ էր գրել, որոնք անարխիստներին կոչ էին անում շարունակել զինված պայքարը:

Նա իր պատիժը կրում է 2012-ին միջուկային էներգիայի մենեջերի վրա ոչ մահացու կրակոցի եւ 2016-ին ոստիկանության ակադեմիայում ռումբի պայթյունի համար,  որի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Կոսպիտոն դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, սակայն դատախազները պահանջել են նրան ցմահ ազատազրկում նշանակել՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ