
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Միխայիլ Սաակաշվիլուն եւ «թույլ չտալ նրա մահապատիժը»։ Նա համոզված է, որ Սաակաշվիլուն «դանդաղ սպանում են»։ Այս մասին Զելենսկին գրել է Թվիթերում։
«Պարզապես այժմ դանդաղ սպանում են Ուկրաինայի քաղաքացուն, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն։ Խայտառակ է անգամ այն փաստը, որ 21-րդ դարում Եվրոպայում մինչ այժմ ստիպված ենք պայքարել մարդու դե-ֆակտո հրապարակային մահապատժի նման փորձի դեմ»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին կոչ է արել Վրաստանի իշխանություններին «հիշել իրենց պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական նորմերին համապատասխան եւ դադարեցնել ծաղրուծանակը»։
«Ուկրաինան առաջարկել է լուծումների տարբերակներ։ Աշխարհին կոչ եմ անում օգնել փրկել Միխայիլի կյանքը եւ թույլ չտալ նրա մահապատիժը»,- ավելացրել է նա։
Դեկտեմբերի 20-ին Զելենսկին արդեն Վրաստանին կոչ էր արել Սաակաշվիլուն բուժման ուղարկել Ուկրաինա կամ մեկ այլ երկիր։ Ուկրաինայի նախագահի գնահատմամբ՝ Սաակաշվիլին այժմ ծանր վիճակում է, եւ այն, ինչ տեղի է ունենում նրա հետ, անվանել է ծաղրուծանակ։