«Նոր Զովք» ՍՊԸ-ի խանութների ցանցում իրականացված խուզարկությունների հետեւանքով տնտեսվարողը էական չափերի վնաս է կրել: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Նոր Զովք» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը։

«Ընկերության գործունեությունը տեւական ժամանակ խախտվել է: Մասնաճյուղ կա, որտեղ 3 ժամ խուզարկություն է իրականացվել, մասնաճյուղ կա՝ 8 ժամով: Տեւական ժամանակով դադարեցվել է ընկերության գործունեությունը, տնտեսվարողը կրել է էական չափերի վնաս»,- ասաց Ռաֆայել Խաչատրյանը։

Անդրադառնալով իրավապահների տարածած հայտարարությանը՝ Խաչատրյանն ասաց. «Հայտարարությունն ընդամենը ոչ պատշաճ հետաքննության եւ ոչ լիարժեք ապացույցների հիման վրա ձեւակերպված ենթադրություն է: Գոյություն ունի անմեղության կանխավարկած, եւ առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածը, ենթադրաբար հայտարարություններ տարածելը ոչ այլ ինչ է, քան իրավաբանական առումով անգրագիտություն»:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ի առավոտից սկսած իրավապահները խուզարկություններ էին իրականացնում ընկերության մասնաճյուղերում: Խուզարկություններին զուգահեռ իրականացվում էին նաեւ առգրավումներ: Ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը ավելի վաղ նշել էր, որ իրականացված խուզարկությունները եւ առգրավումներն ապօրինի են:

Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ ՊԵԿ-ը, նշելով, որ տվյալներ էին ստացվել, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ, առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին: