News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով զոհված զինծառայողների տուժող ճանաչված ծնողներից ավելի քան ութը հարցաքննվել են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց զոհված 15 զինծառայողներից 14-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Իրենք հանգամանալից ներկայացրել են իրենց տեղեկությունները, դիտարկումները, կասկած առաջացրած հակասությունները եւ վարկածները։ Ծնողները վերահաստատել են իրենց դիրքորոշումը եւ խիստ կասկածի տակ են դրել պաշտոնական վարկածը։ Շատ մանրամասները չեմ կարող ներկայացրել, բայց ծնողները շրջանառել են մի քանի վարկածներ՝ դիտավորյալ սպանություն, դիվերսիա, հրդեհը որպես իրականում տեղի ունեցածը թաքցնելու միջոց եւ այլն։ Սրանք վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հստակ փաստերով հերքել կամ հաստատել»,- նշեց Նորիկյանը։

Փաստաբանի խոսքով՝ հունվարի 20-ին անցկացված ակցիայից հետո, որում ծնողները հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, Փաշինյանի նման, ըստ էության, հանդիպման առաջարկը մերժել է նաեւ Պապիկյանը։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ նրանք Սուրեն Պապիկյանից պատասխան չեն ստացել։

«Այնուամենայնիվ, ես, որպես փաստաբան, ծավալուն հարցումներ եմ ուղարկել Պաշտպանության նախարարին եւ ՆԳ նախարարին։ Գրություն եմ ուղարկել նաեւ քննչական խմբի եւ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ղեկավարներին՝ նշելով, որ այսօր լրանում է զինծառայողների մահվան 40-րդ օրը, եւ հունվարի 19-ին նշանակված դատաբժշկական փորձաքննությունների պատասխանները ստացված չեն, ինչը որոշակի անհանգստություն է առաջացնում։ Ես խնդրել եմ ձեռնարկել միջոցառումներ, որ այդ եզրակացությունները հնարավորինս շուտ ներկայացվեն»,- ասաց Նորիկյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրվում են հինգ սպաներ։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, այս պահին շարունակում է բուժվել Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

Հավելենք, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց եւ սպաներից մեկի միջեւ ծեծկռտուք է եղել։

Կապիտանը սուրճի բաժակի չափով է բենզին լցրել փայտի վրա․ փաստաբանն ուշագրավ մանրամասներ է ներկայացնում ցուցմունքից

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ