Տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ, կարող է Հյուսիս-Հարավ նախագծի լուրջ բաղադրիչ լինել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ լիովին կիսում է նախագծի բացառիկ կարեւորության վերաբերյալ դիրքորոշումները։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանը մեծ միջոցներ է ներդրել տրանսպորտային ենթակառուցվածքներում եւ այն հիմնականում լիովին համապատասխանում է նախագծի նպատակներին ու խնդիրներին։ Շուտով շահագործման կհանձնվի ՌԴ-ի հետ սահմանին գտնվող «Հանուբա» նոր հսկիչ անցակետը, որով օրական մինչեւ 1000 բեռնատար մեքենա կանցնի։ Բաքվից մինչեւ հյուսիսային սահման նոր մայրուղու ինտենսիվ շինարարություն է ընթանում։ Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը թույլ կտա էլ ավելի մեծացնել բեռնափոխադրումների հոսքը։
«Բացակայող երկաթուղային հատվածը, եթե ավարտվի, հնարավորություն կտա միանալ իրանական երկաթուղային համակարգին, դուրս գալ Թուրքիա եւ լինել Հյուսիս-Հարավ նախագծի մեծ ճյուղը։ Սա եւս մեկ փաստարկ է, թե ինչու պետք է դրան առավելագույն ուշադրություն դարձնել»,-հայտարարել է Բայրամովը։