
Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Հաննիբալ Քադաֆին, որը պահվում է Լիբանանում յոթ տարուց ավելի, շաբաթ հացադուլ է սկսել ի նշան բողոքի առանց դատի իրեն կալանքի տակ պահելու դեմ, տեղեկացնում է The Associated Press-ը վկայակոչելով նրա փաստաբանին։
Հաննիբալ Քադաֆին պահվում է Լիբանանում 2015 թվականից, այն բանից հետո, երբ առևանգվել էր հարևան Սիրիայից, որտեղ ապրում էր քաղաքական փախստականի կարգավիճակով։ Նրան առևանգել էին լիբանանցի զինյալները՝ տեղեկություն պահանջելով շիա հոգևորական Մուսա ալ-Սադրի ճակատագրի վերաբերյալ, որն անհայտ կորել էր Լիբանանում 45 տարի առաջ։
Ավելի ուշ Քադաֆիի նձերբակալել էին Լիբանանի իշխանությունները և նա պահվում է Բեյրութի բանտում՝ առանց դատի ու դատավարության։
Փաստաբան Փոլ Ռոմանոսը հայտնել է գործակալությանը, որ իր պաշտպանյալը «լրջորեն է տրամադրված և գնալու է մինչև վերջ»։
Ռոմանոսը տեղեկացրել է, որ Քադաֆին տառապում է մեջքի ցավերից, քանի որ նրան տարիներով պահել են նեղ խցում առանց շարժվելու և սպորտով զբաղվելու հնարավորության։
Հատկանշական է, որ Հաննիբալ Քադաֆին ծնվել է շիա հոգևորականի անհետանալուց երկու տարի առաջ։