
Անցած տարի նկատվել է օտարերկրյա ուղիղ ներդրումների մեծ ներհոսք Հայաստան։ Այս մասին Ազգային ժողովում, 2022թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ, հունիսի 12-ին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Դրանք, նախարարի խոսքով, կազմել են ՀՆԱ 5,1 տոկոսը։ «Սա շատ բարձր ցուցանիշ է։ Հատկապես վերջին տարիներին»,- ասել է նախարարը։ Կապիտալի կուտակման ցուցանիշը եւս, ինչպես նշել է կառավարության ներկայացուցիչը, բավական բարձր է եղել։ Այլ խոսքով՝ հայաստանցի գործարարներն իրենց եկամուտները ներդրել են իրենց իսկ կապիտալ հնարավորությունների զարգացման գործում։
Նախարարը համոզված է, որ այդ ներդրումների դրական ազդեցությունը կարելի է նկատել արդեն առաջիկա տարիներին։
Նշենք, որ այս պատկերը կապված է ռուս-ուկրաինական պատերազմն սկսվելուց հետո Հայաստան Ռուսաստանից միգրանտների եւ կապիտալի ներհոսքի հետ։