
Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդը երեքշաբթի հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին եւ նրան բողոքի պաշտոնական նամակ կհանձնի՝ կապված Իրաքի տարածքին թուրքական օդուժի վերջերս հասցրած հարվածների հետ, տեղեկացրել է The Associated Press-ը։
Պաշտոնական բողոքը հայտնվել է Արբատի (Սուլեյմանիա քաղաքից հարավ-արեւելք, կիսաինքնավար քրդական Հյուսիսային Իրաք շրջանում) ռազմական օդանավակայանին հասցված ավիահարվածի հաջորդ օրը։ Տեղի պաշտոնյաների խոսքով՝ տարածաշրջանային հակաահաբեկչական ուժերի երեք անդամ զոհվել է, երեք հոգի քրդական Փեշմերգայի ուժերից վիրավորվել է։
«Օրեցօր ռազմական հարձակումներն Իրաքի տարածքի դեմ, հատկապես (քրդական) շրջանում, ուժեղանում են»,- նշվել է Իրաքի նախագահի հայտարարությունում։
«Ագրեսիան ուղղված է ոչ մի մեղք չունեցող քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ զինվորականների ու անվտանգության ծառայությունների կենտրոնակայանների դեմ»,- ասել է նա։
Ռաշիդը Քուրդիստանի Հայրենասիրական միություն կուսակցությունից է, որի իշխանության հիմնական կենտրոնը գտնվում է Սուլեյմանիայում։
Ավիահարվածի ենթարկված օդանավակայանը վերջերս նորոգվել էր, որպեսզի հեշտացվի հակաահաբեկչական ստորաբաժանումների պատրաստումը։
Կուսակցության առաջնորդ Բավել Թալաբանին երկուշաբթի օրն արած պաշտոնական հայտարարությունում թուրքական հարձակումն անվանել է դավադրությունների շարքի մի մաս՝ ուղղված Քուրդիստանի անվտանգությանը։ Նա կոչ է արել դաշնային կառավարությանը «կատարել Իրաքի տարածքի եւ օդի պահպանման իր սահմանադրական եւ ազգային պարտավորությունները», հատկապես քրդական շրջանում։