News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը 50 տարի անց ռեաբիլիտացրել է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին, որը ԽՍՀՄ-ում դատապարտվել էր «արվամոլության» հոդվածով, տեղեկացրել է Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտը։

Որոշման մեջ նշվել է, որ քրեական գործի եւ այլ արխիվային փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունից հետո ռեժիսորի հետապնդման եւ դատապարտման մեջ քաղաքական մոտիվ է հայտնաբերվել։

Հանձնաժողովի որոշումն ընդունվել է դեկտեմբերին, նրա վերջին նիստի ժամանակ, նշել է Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անդրեյ Դրոբովիչը։ Նրա խոսքով՝ Փարաջանովի գործը քննարկելու օգտին հանդես են եկել Ուկրաինայի նախագահի աշխատակազմն ու ուկրաինացի իրավապաշտպանները։

Ազգային հիշողության ինստիտուտը հանձնաժողովի որոշումն անվանել է նշանային նախադեպ ուկրաինացի այլ այլախոհների գործերի դիտարկման համար, որոնք դատապարտվել են կոմունիստական տոտալիտար վարչակարգի կողմից՝ շինծու մեղադրանքներով։

Առաջին անգամ Սերգեյ Փարաջանովին (ծնվել է 1924թ. հունվարի 9-ին Վրաստանում, հայկական ընտանիքում) մեղադրել են 1948թ. «արվամոլության» համար։ Դատարանում նա չի ժխտել իր համասեռամոլությունը։  Նրան դատապարտել են 5 տարվա ազատազրկման, բայց շուտով ազատ են արձակել այն բանից հետո, երբ նրա համար բարեխոսել է Ալեքսանդր Դովժենկոն։ Իրավապաշտպաններն այս գործը քրեական են անվանել։

1973թ. վերջին Փարաջանովին նորից ձերբակալել են համասեռամոլական կապերի համար եւ դատապարտել 5 տարվա խիստ ռեժիմի պոռնոգրաֆիայի, «արվամոլության» եւ «բռնության կիրառմամբ արվամոլության» հոդվածներով։ Իրավապաշտպանների կարծիքով՝ Փարաջանովին հետապնդելու պատճառներից մեկը նրա բարեկամությունն էր ուկրաինացի այլախոհների հետ։ Դատավճռից հետո Փարաջանովին ազատելու պահանջով հանդես են եկել Լիլյա Բրիկը, Անդրեյ Տարկովսկին, Ժան-Լյուկ Գոդարը, Ֆեդերիկո Ֆելինին եւ մշակույթի այլ նշանավոր ներկայացուցիչներ։ Ռեժիսորն ազատ արձակվեց 1977թ. դեկտեմբերի 31-ին։

Փարաջանովին ձերբակալել են նաեւ 1982թ.՝ պաշտոնյային կաշառք տալու մեղադրանքով, այն բանից հետո, երբ նա ցանկացել էր իր զարմիկին համալսարան ընդունել տալ։ Ռեժիսորը մի քանի ամիս անցկացրել է Թբիլիսիի բանտում եւ ազատ արձակվել պայմանական դատավճռով։ Փարաջանովը մահացել է 1990թ.։

Սերգեյ Փարաջանովին համարում են «խորհրդային նոր ալիքի» եւ «պոետական կինեմատոգրաֆի» հիմնադիրներից մեկը։ Նրա առավել հայտնի ֆիլմերից են 1964թ. «Մոռացված նախնիների ստվերները» եւ 1969թ. «Նռան գույնը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինոյի տան դիմացի հրապարակում կառուցվող «Աստղային պուրակը» կանվանակոչվի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով
Որոշման հիմնավորմն մեջ նշվում է, որ մշակութային ստեղծագործությունների անվանումներով փողոցների անվանափոխումը կարող է լինել...
Մահացել է Անուկ Էմեն
1966 թվականին Կլոդ Լելուշի «Տղամարդ և կին» ֆիլմում սիրահարված այրու դերը նրան բերեց Օսկարի նոմինացիա, «Ոսկե գլոբուս»՝ լավագույն դերասանուհու անվանակարգում և մուտք՝ Հոլիվուդ...
«Մէկ կադր» 22-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայացվի 150 ֆիլմ
Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենան Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները…
Որևէ սերիալ արտադրելու համար գուցե պահանջվի մեր տարեկան բյուջեի կեսը. Արա Շիրինյան
«Հանրայինի պարտավորությունները ֆիքսված են թե՛ «Հանրային հեռարձակողի մասին» օրենքով, թե՛ տարբեր որոշումներով Հանրայինն ունի բազմաթիվ…
Ռուսական Okko օնլայն-կինոթատրոնում տեղի կունենա Վիկտոր Սողոմոնյանի «Վարշավա’21» քաղաքական դետեկտիվի պրեմիերան
Պրեմիերա օնլայն-կինոթատրոնում...
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ