News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հիմա շատ ինտենսիվ ուսումնասիրություններ են ընթանում, որպեսզի լիթիումը փոխարինվի նատրիումով, որովհետեւ համեմատած լիթիումի կարբոնատի, նատրիումի կարբոնատի ու նատրիում քլորի պաշարներն անսպառ են: Իհարկե, իրենց պարամետրերով նատրիումի կարբոնատով մարտկոցները կզիջեն, բայց այսօր էլեկտրամեքենաների գնի 1/3-ը լիթիումով մարտկոցի գինն է: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ նշեց Երկրաբանական գիտությունների դոկտոր Խաչատուր Մելիքսեթյանը:

«Գուցե նատրիումական մարտկոցները կունենան ավելի վատ պարամետրեր, բայց դա անհեմամատ ավելի մատչելի կլինի եւ շուկայական տեսանկյունից ավելի գրավիչ: Նաեւ  խոսվում է այն մասին, որ ոչ թե լիցքավորեն մարտկոցը, այլ էլեկտրամոբիլները մոտենան լիցքավորման կայանին եւ փոխարինեն մարտկոցը»,-ասաց նա:

Անդրադառնալ;ով Հայաստանի հանքային ջրերում լիթիումի պարունակությանը, Մելիքսեթյանն ասաց. «Մեր ինստիտուտում հիդրոերկրաքիմիական եւ քիմիական լաբորատորիաներում լիթիումի պարունակությունը ջրերում եւ ապարներում որոշվում են տարբեր եղանակներով: Պարզել ենք, որ Հայաստանի ջրերում 0-ից մինչեւ 9,8 միլիգրամ/լիտր լիթիումի պարունակություն կա, հատկապես Ջերմուկ, Արփա-Սեւանի շրջանում եւ Հանքավանում: Հանքավանում կա 8 մլգ/լիտր, Ջերմուկում՝ 6,8, Արփա-Սեւանում՝ 9.8 մլգ/լիտր»:

Նա նկատեց, որ որքան տաք է հանքային ջուրը, այնքան շատ է դրանում լիթիումի պարունակությունը:

«Ինձ հետ կապ էին հաստատել եւ չինական, եւ ամերիկյան, իսրայելական ընկերություններ, որոնք հետքրքրված էին մեր հանքային ջրերում լիթիումի պարունակությամբ: Այստեղ կարեւոր է, որ իրենց տեխնոլոգիաներն աշխատում են 10-500 մլգ/լիտրի պարագայում, իսկ մենք այդպիսի ջրեր դեռ չունենք, դեռ հայտնաբերված չեն»,-ասաց գիտնականը:

Նա հաշվարկեց, որ հանքավանի հանքային ջրերից կարելի է տարեկան ստանալ 3,5 տոննա մաքուր լիթիում կամ 18 տոննա լիթիումի կարբոնատ: Դա կազմում է տարեկան 307 հազար դոլար հետեւաբար ձեռնտու չէ 50 մլն դոլարի արժողությամբ լիթիումի կորզման սարքավորումների ներդրում անել:

Հարցին՝ կա՞ արդյոք Հայաստանում լիթիմի կորզման հեռանկար, Մելիքսեթյանն ասաց. «Խորքային բարձր ջերմաստիճանի գեոթերմալ ջրերը գտնվում են 2-4 կմ խորության վրա: Եթե մեր հրաբխային մարզերի տարածքում հայտնաբերվեն նոր հանքային ջրեր, որոնք կլինեն ավելի տաք, քան հայտնի ջրերը, եւ կգան ավելի մեծ խորություններից, հնարավոր է կառուցել գեոթերմալ էլեկտրակայան, որտեղ կկորզվի լիթիում»:

Նա ցավով արձանագրեց, որ մեր հանքային ջրերի չօգտագործվող հորատանցքները չեն փակվում եւ հանքային ջրերը հոսում, գնում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ