Նորվեգիայի Թագավորության ԱԳՆ պետքարտուղար Էլվինդ Վադ Պետերսոնի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։ «Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
Պարոն Էլվինդ Վադ Պետերսոնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։
Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցեց Հուշապատի մոտ, որի հետնամասում հատուկ խորշերի մեջ ամփոփված են 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին թուրքական կառավարության իրագործած հայերի զանգվածային կոտորածների և ցեղասպանության դեմ իրենց բողոքի ձայնը բարձրացրած օտարազգի մի շարք հասարակական, քաղաքական գործիչների, մտավորականների և միսիոներների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները: Հյուրերը մեծ հետաքրքրությամբ լսեցին հատկապես նորվեգացիներ Ֆրիտյոֆ Նանսենի և Բոդիլ Կատարինե Բյորնի հայանպաստ գործունեության մասին:
Նրանք շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Նորվեգիայից ժամանած պատվիրակության անդամները առանձնակի ուշադրությամբ ծանոթացան նրանց այցի կապակցությամբ բացված ցուցադրությանը, որտեղ ներկայացված էին ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության ականատես նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի օրագիրը, անձնական իրերը, փաստաթղթերը և Հայոց ցեղասպանությունից հետո հայ գաղթականներին տրված նանսենյան անձնագրերից մեկ օրինակ:
Ցուցադրությանը ծանոթանալուց հետո պարոն Էլվինդ Վադ Պետերսոնը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: