ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 16-ին Շիրակի մարզում մասնակցել է սպանդանոցային գործունեությանը նվիրված հանդիպում-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարողներ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հանրապետությունում սպանդանոցային կետերի կառուցման, կարողությունների զարգացման, շահագործման, օրենսդրական կարգավորումների բարելավման խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում Տաթևիկ Սարգսյանն ու ոլորտի այլ պատասխանատուներ պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են սպանդանոցային կետերի պահանջարկին, չափորոշիչներին, նոր սարքավորումների ձեռքբերման ընթացակարգերին։