News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամադ Մոխբերը շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանին ցավակցությունների համար երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան առիթով՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է շարունակել կապերը Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ։ Վերջինը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի կործանման հետեւանքով Ռաիսիի մահվան կապակցությամբ, տեղեկացրել է իրանական ԶԼՄ-ն։

Ընդգծվել է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւորությունը տարածաշրջանի եւ իսլամական աշխարհի համար։ Բին Սալմանն ասել է, որ «Թեհրանը եւ Էր Ռիադը կարեւոր դեր են խաղում տարածաշրջանում եւ իսլամական աշխարհում, եւ որ իրենք կարող են լուսավոր ապագա կերտել տարածաշրջանի համար»։

Թագաժառանգը հայտնել է իր երկրի պատրաստակամության մասին Իրանի հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու հարցում։

Մոխբերն իր հերթին երկրների միջեւ հարաբերությունները համարել է հաջողություն եւ Իրանի նախագահի կարեւոր ռազմավարությունը։

«Մեզ համար դժվար էր կորցնել այդքան աշխատասեր եւ սիրված նախագահի, ինչպիսին Ռաիսին էր, բայց երկրի ուղղությունը չի փոխվի, կպահպանվի Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ վստահությունը»,- Mehr-ը մեջբերել է Մոխբերին։

Նախագահի պաշտոնակատարն ընդգծել է, որ «հարեւանության քաղաքականության շարունակումը տարածաշրջանի երկրների կողմից միակ տարբերակն է, քանի որ բարեկամությունը կայունության եւ բարգավաճման երաշխիքն է տարածաշրջանում»։

Նա Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերություններն անվանել է առանցքային իսլամական աշխարհի համար եւ ավելացրել. «Այսօր մեր հարաբերությունները հասել են լավ մակարդակի, եւ տարածաշրջանը այդ հարաբերություններն ընդլայնելու սուր կարիք ունի»։

Իրանի նախագահի պաշտոնակատարը նաեւ նշել է, որ երկու երկրները պետք է  աջակցեն այդ քաղաքական հարաբերությունների առաջմղմանը տնտեսական փոխգործակցության եւ խոչընդոտների վերացման միջոցով, հատկապես մասնավոր հատվածի համար։

Հեռախոսազրույցի ավարտին կողմերը փոխայցելությունների հրավերներ են փոխանակել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ