Միայն Լոռի եւ Տավուշ գնացող ճանապարհներն են բաց մնալու, մնացած բոլոր հնարավոր եւ անհնար տարբերակներով Մեղրիից սկսած բոլոր տեղերում անհնազանդության գործողություններ են տեղի ունենալու: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, Հանրապետության հրապարակում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ես լինելու եմ փողոցում, կատարելու եմ իմ անելիքը, հիմա չեմ ասում՝ ինչ եմ անելու եւ 8.15 գտնվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում, մինչ այդ իմ անելիքը կատարած: Յուրաքանչյուրս առավոտյան, ամեն մեկը իր տեղը իմանալով, գիտեք արդեն ձեր տեղերը, ժամը 8-ին մեկ մարդու նման: Եթե ուզում եք, որ այս մարդիկ օր առաջ հեռանան, ոչ թե եկեք իմ դեմքին նայելու, այլ եկեք միմյանց դեմքերին նայենք, միմյանց տեսնենք այդ խրամատում: Ուրիշ ձեւ տեղի չի ունենալու այս մարդկանց մեկնումը եւ հանձնվելը: Մենք պետք է ճնշում գործադրենք, չթողնենք իրենց որեւէ հնարավորություն աշխատանքի գալու, որովհետեւ իրենք աշխատանք չունեն, պատասխանատվություն չեն կրում ոչ մի բանի համար: Մենք չենք ուզում, որ նրանք լինեն մեր վարձկանները, բաց պետք է թողնենք, որ գնան»,-ասաց նա:
Բագրատ Սրբազանը կոչ արեց մայրերին երեխաներին մանկապարտեզ, դպրոց տանելու փոխարեն դուրս գալ փողոց, որպեսզի «այլեւս մեր զավակները ապահով ու անվտանգ ապրեն, արժեքներով ապրեն»:
«Բոլորդ ձեր նախընտրած վայրերում եւ նախապես տեղեկացված լինելով, հետեւելով, Երեւանում, նրա սահմաններից դուրս, առավոտյան ժամը 8-ին կատարում ենք մեր անհնազանդության գործողությունը: Մասնակցում եք ամբողջությամբ, եթե ուզում եք, որ փոխվի այն իրավիճակը, որի մեջ մեզ պարտադրաբար ներգրավել են:
Այստեղ գիշերը մնալու խնդիր չունենք: Այսօր շատ կարեւոր քայլ ենք արել, մեր ուղերձը տվել ենք, մարդը ներկա չի գտնվել, որովհետեւ չէր էլ կարող: Մենք շարունակում ենք մեր ճանապարհը: Տունը քնած չմնա, եթե վաղը այսքան մարդ դուրս չեկավ, ուրեմն այսօրվա արածները ճիշտ չեն: Վաղը երեկոյան ուրիշ գործ ունենք անելու, բայց դրա մասին վաղը ցերեկը կասենք: Քայլ առ քայլ ամեն ինչի մասին իմանալու եք»,- հայտարարեց նա: