News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե դիմակահանդես կազմակերպվի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը Ձմեռ պապի կերպարով կներկայանա: Այս մասին նախարարն ասաց NEWS.am-ին տված ամանորյա հարցազրույցում:

Ի՞նչն եք սիրում ամանորյա տոների մեջ եւ ի՞նչը չեք սիրում: Ձեր ընտանիքում Ամանորն անցկացնելու ի՞նչ ավանդույթներ կան:

Սիրում եմ երեխաների հուզմունքը, հրաշքի, նորի սպասումը: Չեմ սիրում  ցուցադրական ճոխությունը, «մյուսներից հետ չմնալու» մոլուցքը, խուսափում եմ պարտադրված փոխադարձ այցելություններից: Ամանորյա տոներին հյուրընկալում ենք մեր ընկերներին, ընդ որում տարիների ընթացքում ընկերների ու մտերիմների շրջանակը համարյա չի փոփոխվում:

Դեկտեմբերի 31-ին, ժամը 00.00-ին ինչպե՞ս եք նշում եւ ի՞նչ եք անում դրանից հետո: Ի՞նչ կենացներ եք խմում, պարո՞ւմ եք, թե՞ ոչ:  

Ավանդաբար նշում ենք տանը` ընտանիքով: Բնականաբար խմում ենք Նոր տարվա կենացը, մաղթում ամենալավն ու բարին: Հետո անպայման այցելում ենք իմ եւ տիկնոջս ծնողներին:

Հետաքրքիր է` որքա՞ն են կազմում Ամանորյա ձեր սեղանի ծախսերը: Ընտանիքի անդամների հետ այցելո՞ւմ եք խանութներ` ամանորյա գնումներ կատարելու նպատակով:

Վերջին տարիներին գնումներ կատարելու հնարավորություն չեմ ունեցել, դրանցով զբաղվում է տիկինս: Անկեղծ ասած չեմ կարող ասել,թե ինչքան է ծախսվում, բայց ամեն ինչ արվում է չափի մեջ: Ինձ համար կարեւորը տոնի իմաստն ու բովանդակությունն է, ոչ թե` ձեւը: 

Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ Ամանորին եւ ի՞նչ եք պատրաստվում նվիրել ձեր մտերիմներին` կնոջը, երեխաներին:

Երեխաներիս ձեռքով պատրաստված ցանկացած նվեր, որի մեջ հոգի եւ ջերմություն կա: Կնոջս ու երեխաներիս նվերների մասին դեռ չեմ մտածել, հենց ժամանակ ունենամ, կորոշեմ ու կգնեմ:

Երբեւէ Ձմեռ պապի դերում եղե՞լ եք, թե՞ ոչ: Հավատո՞ւմ եք Ձմեռ պապի գոյությանը, կամ մանուկ ժամանակ հավատացե՞լ եք:

Ձմեռ պապի դերում չեմ եղել: Երկար ժամանակ հավատացել եմ, հիմա էլ երեխաներիս հետ եմ վերապրում այդ զգացողությունը:

Եթե հավատանք, որ Ամանորի գիշերը երազանքներն իրականանում են, ապա ի՞նչ երազանքներ կպահեիք:

Երազանքներս շատ են: Կցանկանայի որ երեխաներս ուրախացնեին իրենց հաջողություններով, որ այն, ինչ որպես նախարար իմ թիմի հետ ծրագրել եմ 2012թ. համար` իրականանար եւ մենք ունենայինք, կայացած, ամուր սոցիալական պաշտպանության համակարգ, եւ  վերջապես` 2012 թվականին մեր հրաշք երկրի յուրաքանչյուր քաղաքացի ավելի առողջ, երջանիկ ու պաշտպանված լիներ, տիրեր բարեկեցություն եւ համատարած համերաշխություն:

Եթե դիմակահանդես կազմակերպվի, ի՞նչ կերպարով կներկայանաք:

Երեւի Ձմեռ պապի. անչափ մեծ է շուրջս երջանիկ մարդիկ տեսնելու, ամանորյա հրաշքին  մասնակից լինելու ցանկությունս:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ