News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր` հունվարի 10-ին, Մոսկվայում, 87 տարեկան հասակում, մահացել է լեգենդար հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանը: Նախնական տվյալներով, նրան կհուղարկավորեն հայրենիքում, Հայաստանում:

Խորհրդային հետախուզության լեգենդ Գեւորգ Վարդանյանը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում: Նրա հայրը` Անդրեյ Վարդանյանը կապ է ունեցել խորհրդային արտաքին հետախուզության հետ եւ ուղարկվել է արտասահման առաջադրանք կատարելու: Հենց հոր ազդեցության տակ էլ Գեւորգը դարձել է հետախույզ:

Գեւորգ Վարդանյանը 1940 թվականին կարողացել է ուղղակի կապ հաստատել Թեհրանում ՆԳ ժողկոմի (НКВД) գործակալական ցանցի հետ: Ռեզիդենտներից մեկի հանձնարարությամբ, Գեւորգը գլխավորել է Թեհրանում ֆաշիստների գործակալական ցանցը բացահայտող հատուկ խումբը: Ընդամենը երկու տարում նրա խումբը կարողացել է բացահայտել 400 մարդու, որոնք այս կամ այն կերպ կապ են ունեցել գերմանական հետախուզության հետ:

1942 թվականին «Ամիրը» (սա Գ. Վարդանյանի կեղծանունն էր) ներդրվել է բրիտանական հետախուզության դպրոցում, որը հետախույզներ էր պատրաստում Միջին Ասիայում աշխատելու համար: Վարդանյանի տված տեղեկատվության շնորհիվ, ԽՍՀՄ ողջ տարածքում ներդրված օտարերկրյա գործակալները բացահայտվել ու վնասազերծվել են:

Հենց Վարդանյանի գլխավորած խումբն է կարողացել խափանել Թեհրանում «մեծ եռյակի» (Ուինսթոն Չերչիլ, Ֆրանքլին Ռուզվելթ եւ Իոսիֆ Ստալին) դեմ ուղղված մահափորձը, որը նախատեսել էր Հիտլերը 1943-ին: Այդ ժամանակ նա ընդամենը 19 տարեկան էր: Այդ իրադարձությունների հիման վրա նկարահանվել է հայտնի «Թեհրան-1943» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես  գալիս Ալեն Դելոնը:

Ընդհանուր առմամբ, Վարդանյանը 46 տարի աշխատել է արտերկրում որպես հետախույզ: Նրա իրագործած գործողություններից շատերը մինչ օրս էլ գաղտնի են պահվում:

Գեւորգ Վարդանյանը ԽՍՀՄ հերոս է 1984 թվականից, սակայն այդ մասին տեղեկատվությունը ոչ մի տեղ չի հրապարակվել: Նրա անունը գաղտնազերծվել է 2000 թվականի դեկտեմբերի 20-ին, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության 80-ամյակի օրը:

Նա ամուսնացած է եղել նույնպես հետախույզ Գոհար Վարդանյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ