Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 23-25-ը կմասնակցի Ժնեւում կայանալիք Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) Համաշխարհային ռադիոհաղորդակցության կոնֆերանսին (WRC-12): Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ` կոնֆերանսը աշխատանքները կսկսի հունվարի 23-ին եւ կավարատի փետրվարի 17-ին, որին կմասնակցեն ՀՄՄ բոլոր անդամ-պետությունների պատվիրակությունները եւ մի շարք տարածաշրջանային կազմակերպություններ:
Նշենք, որ համաշխարհային ռադիոկոնֆերանսի հիմնական նպատակն է ուսումնասիրել եւ քննարկել աշխարհում ռադիոհաղորդակցության նշանակությանը, զարգացմանը, որակի կատարելագործմանը եւ տեխնոլոգիաների նորամուծություններին վերաբերող հարցերը: Մասնավորապես` քննարկվելու է հաճախականային տիրույթներում ռադիոկապի տարբեր ծառայություններին առնչվող հարցերի լայն շրջանակ` ներառելով ռադիոկապի ծառայություններում գործող հաճախականային բաշխումների արդյունավետ օգտագործմանը նպաստող անհրաժեշտ ռադիոռեգլամենտար փոփոխությունների եւ ռադիոկապի ծառայություններում հնարավոր նոր բաշխումների իրականացումը:
Կոնֆերանսի վերջում յուրաքանչյուր պատվիրակության ղեկավար կամ լիազորված անձ կստորագրի Ռադիոկոնֆերանսի եզրափակիչ ակտերը, որոնք միջազգային աշխատանքների իրականացման փաստաթուղթ կհանդիսանան հետագա 4 տարիների համար: