Մի շարք քաղաքական սպանությունների, Մարտի 1-երի, Հոկտեմբերի 27-երի, ընտրություններ կեղծելու և քրեական ենթամշակույթի մեջ ապրոած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և իրենց էժան սպասարկողները փորձում են ու դեռ շատ փորձելու են Փարաքարի ցավալի դեպքը կապել գործող իշխանության հետ: Այս մասին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Անել դա, որպեսզի իրենք իրենց միակ մարդասպանը, թալանչին, կեղծարարը չզգան, որպեսզի նախկին թալանչիներից փող վերցնելիս իրենց այդքան էլ մեղավոր չզգան և տարանջատվեն: Բայց իզուր են եղել ու լինելու այդ փորձերը, Հայաստանում ոչ ոք չի սպանվում և նույնիսկ ծեծ չի ուտում իր քաղաքական դիրքորոշման համար, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում և իշխանությունը որտեղ պարտվել է, զբաղեցնում է իր ընդդիմադիր մասը: Հայաստանում ոչ ոք անպատիժ չի մնում և բռնության յուրաքանչյուր դեպք ստանում է թե՛ քաղաքական, թե՛ իրավական գնահատական: Քաղաքական սպանությունները, հաշվեհարդարները և անպատժելիությունը վաղուց անցյալում են՝ ձեր հետ միասին:
Խորին ցավակցությունս մահացածների հարազատներին»,-գրել է Ալեն Սիմոնյանը:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։ Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։
Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։
Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։
Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։





























