News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բուլղարիայում անցկացված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ըմբիշներից Արամ Ջուլֆալակյանը հաղթող դարձավ 66 կգ քաշային կարգում: Եզրափակիչում նա հաղթեց թիմակից Հովհաննես Վարդերեսյանին: Երկրորդ տեղը գրավեցին Արթուր Մկրտչյանը (60կգ) եւ Հրաչ Հովհաննիսյանը (84կգ):

Հայաստանի հավաքականի մյուս թեկնածուները, ովքեր չեն մասնակցել Բուլղարիայում անցկացված մրցումներին փետրվարի 24-26-ը Իրանում կմասնակցեն միջազգային մրցաշարի:

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

Պարոն Ջուլֆալակյան, արդյունքները ձեզ գոհացրի՞ն:

Մեր թիմի ելույթն ընդհանուր առմամբ լավ եմ համարում, չնայած եղան նաեւ թերություններ: Արթուր Ալեքսանյանը, վստահ եմ` կարող էր ավելի լավ ելույթ ունենալ: Սակայն երիտասարդ մարզիկը դեռեւս լավ մարզավիճակ ձեռք չի բերել, եւ հիմնականում դրա պատճառով էլ չկարողացավ պայքարել մեդալների համար: Ես մեծ սպասելիքներ ունեի Արթուր Շահինյանից, բայց վերջինս հանդես եկավ իր հնարավորություններից ցածր: Մյուսների ելույթները բավարար էին այս պահին: Կարեւորն այն է, որ հայ մարզիկը ճանաչվեց մրցումների լավագույն ըմբիշ: Մրցանակին արժանացավ Արամ Ջուլֆալակյանը:

Արամ Ջուլֆալակյանը 66 կգ քաշային կարգում հաղթողի կոչումը վիճարկեց իր թիմակից Հովհաննես Վարդերեսյանի հետ:

Այո, մեր ըմբիշները հաղթող դարձան իրենց ենթախմբերում եւ դուրս եկան եզրափակիչ: Հավատացեք, որ շատ հաճելի է, երբ եզրափակիչում մրցում են Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշներ: Թիմային առումով առաջին ու երկրորդ տեղը փաստորեն ապահովված է:

Բուլղարիայում հանդես եկած ըմբիշները հավաքականի թեկնածունե՞ր են, թե՞ լիարժեք անդամներ:

Մեր հավաքականը հիմա մենք բաժանել ենք երկու մասի, երկու մրցաշարերում մասնակցելու համար: Շատերը լիարժեք անդամներ են: Ուղղակի, նման մրցումներում մասնակցելու մեր հիմնական նպատակը հավաքականի կազմի ընտրությունն է: Ընդ որում, մենք պետք է կողմնորոշվենք, թե ով է հանդես գալու վարկանիշային մրցաշարում, եւ ով է ներկայացնելու մեր հանրապետությունը Եվրոպայի առաջնությունում: Այս մրցումների անցկացման միջեւ շատ ժամանակ չկա, հետեւաբար մենք պետք է առնվազն երկու մարզիկներ ունենանք մեկ քաշային կարգում, հետո արդեն կորոշենք, թե նրանցից ով որ մրցումներում է հանդես գալու:

Ամենակարեւորն է` ինչքան հնարավոր է շատ մարզիկներով ներկայանանք Օլիմպիական խաղերում, եւ դրա համար ամեն ինչ արվում է: Մյուս կողմից էլ յուրաքանչյուր երկրի համար էլ շատ կարեւոր է հաղթող ճանաչվել մայրցամաքի առաջնությունում: Այնպես որ, այս մրցումներին էլ մենք պատրաստվում ենք ամենայն լրջությամբ:

Կա կարծիք, որ հունահռոմեական ըմբշամարտն ավելի դժվար ու բարդ է, քան ազատ ոճի ըմբշամարտը: Դուք ի՞նչ կարծիքի եք:

Յուրաքանչյուր մարզաձեւ ունի իր բարդություններն ու դժվարությունները: Բայց հունահռոմեական ըմբշամարտի միակ ու գլխավոր դժվարությունն այն  է, որ մրցավարները հնարավորություն ունեն եւ կարող են այս կամ այն դրվագում գնահատել կամ չգնահատել գցումը կամ հնարքը: Ազատ ոճի ըմբիշն իր տեխնիկական գործողություններում ազատ է եւ ինչ հնարք էլ կատարվի, այն գնահատվում է: Իսկ մեզ մոտ կարող են եւ տարբեր պատճառաբանություններով անարդարացի որոշում կայացնել:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ