News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պատերազմներն ավարտվում են ոչ թե զինադադարների կնքմամբ, այլ այն ժամանակ, երբ սերունդները յուրացնում են պատերազմի դասերը: Այդ մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարի ժամանակ:

«Երբ ստեղծվեցին առաջին ինքնապաշտպանական ջոկատները, վերստին հառնեց հայ քաջարի ֆիդայու, ազատարարի ու պաշտպանի փառահեղ կերպարը: Կանոնավոր բանակի բացակայության պայմաններում նա կանգնեց ու փառքով կատարեց իր առաքելությունը: Երկրապահ էին բոլորը` բանվորն ու մտավորականը, աշակերտն ու ուսանողը, կադրային զինվորականն ու շինականը: Այլ հայրենյաց պաշտպան կազմակերպությունների ազատամարտիկների թվում երկրապահներն այն որոշիչ ուժն էին, որոնց շնորհիվ պայքարը վերածվեց հայրենական պատերազմի», - նշեց Ս. Օհանյանը:

«Բայց հաղթական խաղաղությունը վերջին հաշվով բերում են այն մարդիկ, ովքեր վտանգի պահին անվարան գնում են կռվի: Կամքի եւ մեծ ջանքերի շնորհիվ էր, որ կամավորական ջոկատները միավորվեցին մեկ միության մեջ, որի հիմքի վրա ձեւավորվեցին առաջին ստորաբաժանումները: Դադարած, բայց չավարտված պատերազմը մեզ պարտադրում է մարտնչել «զինադադարի ռեժիմ» կոչվող պայմաններում: Հակառակորդը միշտ փորձում է թույլ կետեր գտնել մեր պաշտպանության մեջ, եւ ստանալով վճռական հարված` առժամանակ սսկվում:

Հատկապես այժմ, երբ լուրջ ջանքեր ենք գործադրում բանակը բարեփոխելու համար, շփման գծում տեղի ունեցող պատահարները, զորամասերում տեղի ունեցող միջադեպերն անհանգստության են մատնում ծնողներին եւ հարազատներին: Նման պայմաններում հասարակությունը սպասում է համոզիչ ու հանգստացնող, իսկ դրսի համար` սաստող ու ազդու խոսքին:

Այժմ բանակում եւ զորամասերում կազմակերպվող բոլոր միջոցառումներին երկրապահները ոչ թե սպասված հյուր են, այլ պատվավոր մասնակիցներ: Հայրենիքը միշտ հիշում է իր զավակներին. դրա վկայությունն այն բազմաթիվ պարգեւներն են, որոնք ամեն տարի գտնում են իրեն պարտքը լռելյայն կատարած կամավորականներին:

Պաշտպանության նախարարությունը` լավ գիտակցելով, որ այսօր էլ վիթխարի է երկրապահների ակտիվ գործունեության դերը պետության պաշտպանության ամրապնդման գործում, ակտիվ աջակցում է ազգանվեր գաղափարները հասարակութան մեջ տարածելուն», - հավելեց նախարարը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում Սեյրան Օհանյանը, հայտարարությամբ դուրս եկան ԵԿՄ կազմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ