News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եթե մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին պատկանող Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ 600 աշխատակիցներն, ընդվզելով սեփականատերերի դեմ, ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները, Ախթալայի քաղաքապետը չի կարող ասել, որ դադարեցնեն իրենց պայքարը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:

Ի դեպ, կոմբինատի աշխատակիցներն արդեն ստորագրությունները փոխանցել են նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ հավատացած են, որ գործատուն խախտում է աշխատանքային օրենսգրքը:  Ավելին` որոշ խոսակցությունների համաձայն այս ամենը արվում է Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի կողմից, որպեսզի օգտվելով Սերոբ Տեր-Պողոսյանի շուրջ ծագած պատմությունից, կոմբինատն «իրենով անի»:

Հայկազ Խաչիկյանը մեր խնդրանքով արձագանքելով այս լուրերին, ասաց. «Գործարանում աշխատում է շուրջ 600 մարդ: Այդ 600 հոգու մեջ մի խելացի մարդ չկա՞, որ նրանցից մեկին հնարավոր չլիներ ուղղորդել: Սերոբ Տեր-Պողոսյանին ձերբակալեցին, ասացին Խաչիկյաններն են սարքել, որպեսզի կոմբինատը ձեռքներից խլեն: Հիմա էլ նույն բանն են ասում»:

Հարցին, թե ցանկանում է ասել, որ կոմբինատին տիրանալու ցանկություն չունի, Խաչիկյանը պատասխանեց. «Խնդիրը դա չէ, այլ այն, որ կոմբինատի աշխատակիցները բազմաթիվ խնդիրներ ունեն կապված աշխատավարձի, աշխատանքային պայմանների, առողջության, սննդի հետ եւ այդ մարդիկ արդեն չեն կարողանում  համբերել: Հիմա, որ դիմում են ինձ ես ի՞նչ ասեմ` ասեմ ստորագրություն մի՞ հավաքեք»:

Քաղաքապետը մանրամասնեց, որ վնասակար աշխատանքով զբաղվողներին պետք է սնունդ հատկացնեն, բայց 2006 թվականից հետո դադարեցրել հատկացումը, այնինչ Թեղուտի աշխատակիցներին պարտադիր սնունդ են տալիս: Իսկ աշխատավարձի հետ կապված 2008թ-ին ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառաբանությամբ աշխատակիցների աշխատավարձը  20 տոկոսով նվազեցրել են ու մինչ հիմա չեն բարձրացրել:

Հայկազ Խաչիկյանից նաեւ տեղեկացանք, որ կոմբինատի աշխատակիցների միջին աշխատավարձը 127 հազար դրամ է, այնինչ հարեւանությամբ նոր գործարան է բացվել, որտեղ աշխատավարձները 50 տոկոսով ավելի բարձր են: «Մարդիկ էլ հասարակ համեմատություն են կատարում ու նման պահանջներ առաջ քաշում»,- ավելացրեց Հայկազ Խաչիկյանը:

Հարցին, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ լուծում է տեսնում, քաղաքապետն արձագանքեց. «Դա կախված է աշխատակիցների պայքարից»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ