News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այս շաբաթ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանի հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին: Ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայաստանցի գործարարը այդ պայմանագրից, ու ընդհանրապես` ի՞նչ է իրենից ներկայացնում «խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին»:

Հայտնի է, որ ԵՄ-ն միայն Ուկրաինայի հետ է ավարտել այդ բանակցությունները, Հայաստանի հետ բանակցությունների «պաշտոնական մեկնարկն է» տրված, իսկ Մոլդովայի եւ Վրաստանի հետ դեռ քննարկում են` երբ սկսել այդ մեկնարկը:

Այն տեղեկությունները, որ ստացվում են ԵՄ-Ուկրաինա բանակցություններից, բնավ չեն խոսում այն մասին, որ կողմերը ստեղծելու են խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի (նշենք, որ թեեւ Ուկրաինայի հետ բանակցություններն ավարտվել են, սակայն համաձայնագիրը դեռ չի վավերացվել): Այսպես` Ուկրաինան որոշ ապրանքների մասով պահպանելու է եւ ներմուծման, եւ արտահանման սահմանափակումներ (գոնե ժամանակավորապես): Օրինակ` ԵՄ-ից ներմուծվող ավտոմեքենաները կազատվեն մաքսատուրքից, եթե դրանց թիվը չի գերազանցում 45 հազարը: Բացի այդ` Ուկրաինան պահպանելու է արեւածաղկի ու մետաղների արտահանման նկատմամբ կիրառվող տուրքերը: Նման սահմանափակումների կիրառման պարագայում դժվար է խոսել այն մասին, որ համաձայնագիրը լինելու է «խորը եւ համապարփակ ազատ առեւտրի» մասին:

Ամենայն հավանականությամբ` ԵՄ-ն չունի ինչ-որ տիպային նախագիծ, որով առաջնորդվում է Արեւելյան Եվրոպայի հետ հարաբերություններում: Դրանով էլ թերեւս պայմանավորված են բանակցություների նախապատրաստման ու ընթացքի բավական երկար ժամկետները: Օրինակ` ԵՄ-Հայաստան բանակցությունների պաշտոնական մեկնարկին նախորդել է 2 տարվա նախապատրաստական աշխատանք: ԵՄ-ն բավական մեծածավալ դրամաշնորհներ է հատկացնում Հայաստանին բանակցությունների ընթացքն ու Ազգային ինդիկատիվ ծրագրով որոշ բարեփոխումներ անելու համար, ինչն առայժմ պետական մարմիննների համար հիմնական խթանն է այդ բանակցություններն առաջ տանելու (Ազգային ինդիկատիվ ծրագրի արժեքը մոտ 157 մլն եվրո է):

Ներկայում Հայաստանը օգտվում է ԵՄ-ի կողմից շնորհված Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+), որը հնարավորություն է տալիս մոտ 6400 ապրանքներ ԵՄ արտահանել զրոյական կամ դրան մոտ դրույքներով: Սա գործնականում մեզ մոտեցնում է ազատ առեւտրի ռեժիմին, սակայն արտոնությունների այդ համակարգի օգուտների վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ են: Գործնականում` հայ գործարարների մեծ մասն անտեղյակ է դրանցից, կամ չի կարողանում պատշաճ օգտվել, ինչի հետեւանքով մետաղներն ու ադամանդը շարունակում են մնալ դեպի Եվրոպա արտահանման հիմնական մասը: Այնինչ Հայաստանը պատրաստվում է գործարկել գյուղմթերքների Զվարթնոցի ազատ տնտեսական գոտին, որի կենսունակությունը ամբողջովին կախված է եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունից:

Սակայն, այնուամենայնիվ, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագիրը (անգամ` դրա նախապատրաստման ընթացքը) կարող է դրական լուրջ հետեւանքներ առաջացնել: Նախ, որքան հասկանում ենք, դա ենթադրում է ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատում, այստեղից բխող բոլոր հետեւանքներով:

Բացի այդ` «համապարփակ ազատ առեւտրի գոտին» միայն առեւտուրը չէ: Դա բիզնես միջավայրի համապատասխանեցումն է եվրոպական չափանիշներին, ու նույնիսկ ենթադրում է հիմնարար ազատությունների ու իրավունքների հետ կապված մի շարք պահանջներ: Ասել, որ մենք 100 %-ով կինտեգրվենք ԵՄ շուկային, իհարկե, միամտություն է, սակայն բիզնես միջավայրի ինստիտուցիոնալ դաշտը կարող է էական առաջընթաց ապրել, իսկ դա արդեն իսկ կարեւոր նախապայման է տնտեսական աճի համար:

Սամվել Ավագյան

Տպել
Ամենաշատ