News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Մեծ Պահքը առաջին հերթին հոգեւոր պահք է, եւ կամավոր է, դրա ժամանակ պարտադիր չէ սննդի պահքը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Թովման՝ հավելելով, որ դա ինքնամաքրման, պրոֆիլակտիկայի շրջան է, քրիստոնյան պարտադիր անցնում է այդ շրջանը, որպեսզի կարողանա ինքն իրեն մշակել, աշխատել իր թերությունների վրա (ֆոտոռեպորտաժ)։ 

Նրա խոսքով՝  Մեծ Պահքի շրջանը սահմանվել է Հակոբոս տյառն եղբայր առաքյալի կողմից դեռ առաջին դարում։ Այն միշտ լինում է Հարության տոնից առաջ, որովհետեւ քրիստոնեության ամենակարեւոր տոներից է։ Հոգեւորականի խոսքով՝  սննդի պահքին անցնում են նրանք, ովքեր ուզում են եւ համարում են, որ սննդի պահքը կարող է  իրենց օգնել։ 

«Ասեմ, որ սննդի պահքը օգնում է  հոգին մարզելու հարցում»,- ասաց նա՝ հավելելով, որ  երբ մարդը կենդանական սննդից անցնում է բուսական սննդի, նրա մոտ կրքերը հանդարտվում են, նյարդային պրոցեսն է նվազում։  Պահքի շրջանում արգելված է կենդանական սնունդը՝ միս, կաթնային որեւէ բան, ձուկ եւ այլն, պետք է ուտել բուսական բաներ։  Ի դեպ, հոգեւորականը նշեց, որ չգիտի, թե հոգեւորականներից  քանիսն են պահք պահում, ինքն անձամբ այս տարի չի պահում, որովհետեւ հիվանդացել է։ Հոգեւորականը նշեց, որ պահքի ժամանակ «եկեղեցին վերածվում է Սմոլնիի` հեղափոխության ժամանակ», քանի որ քաղաքացիները տարբեր հարցերով զանգում են։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը նշեց, որ  առողջության տեսակետից եւս պահքը պահելը  ճիշտ է, քանի որ այն կարեւոր դեր ունի օրգանիզմի մաքրման համար։ Բայց եթե անձը  առողջական խնդիրներ ունի, պետք  է բժշկի հետ խորհրդակցի։ Պահք պահելը խորհուրդ չի տվում երեխաներին, տարեցներին, հիվանդություն ունեցող մարդկանց, որովհետեւ դրանք կարող են սրվել ժամանակի ընթացքում, մասնավորապես՝ այն վտանգավոր է սիրտ-անոթային, ստամոքսաղիքային հիվանդությունների,  ալերգիաների դեպքում։  Բժշկի խոսքով՝  ցանկացած բանջարեղեն, միրգ իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ։  Նա խորհուրդ է տալիս միրգ, բանջարեղեն օգտագործել հում թարմ վիճակում, որպեսզի չկորի վիտամինների մեծ մասը, ինչպես նաեւ օգտագործել ընկուզեղեն, հացահատիկ, լոբազգիներ, իսկ սունկը լիարժեք փոխարինում է սունկը։

Լուսանկարները` Սոնա Բարսեղյանի

Տպել
Ամենաշատ