News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, նախադեպ կլինի եվրոպական մյուս երկրների համար թե դրական, թե բացասական ելքի դեպքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

«Ակնկալում ենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչի խորհրդարանի ընդունած օրինագիծը: Անշուշտ կան մտահոգություններ, քանի որ թուրքական կողմն ակտիվ աշխատում է, իսկ նրանց մեթոդները լավ գիտենք»,- նշեց Շահբազյանը եւ հավելեց. «Երբ կլինի որոշումը, նրանից հետո կարելի է եզրահանգումներ անել, թե ինչու այսպես եղավ: Ուղղակի կարող ենք մի բան ասել, որ հակառակորդ կողմն ակտիվ աշխատում է, իսկ մենք նման ակտիվությամբ աշխատանք չեն տանում: Ընդհանրապես: Կոնկրետ թե այս իրադարձության, թե մյուս դեպքերում: Իրենք աշխատում են, բոլոր բեմերն օգտագործում են, եւ անհրաժեշտ է հայկական կողմն էլ ակտիվ լինի»:

Այդուհանդերձ, դաշնակցական պատգամավորը վհատվելու միտք չունի, «եթե հակառակ որոշումն էլ կայացվի, էլի կշարունակենք մեր աշխատանքները, որոշ ժամանակ անց կրկին կբերենք օրինագիծը»:

«Այլ խորհրդարաններ կբերվեն, բայց անշուշտ լավ չէ: Սա կարեւոր օրինակ է, որը թուրքերն էլ հասկանում են: ԵՄ-ն շրջանակային օրենք ունի, որ բոլորը պետք է օրենսդրությունները համապատասխանեցնեն: Սա առնչվում է  այդ օրենքի հետ եւ եթե հաղթահարվում է այս արգելապատնեշը, ուրեմն այլ երկրներ կհետեւեն Ֆրանսիայի օրինակին: Բայց կարող է հակառակը լինել: Երկու դեպքում էլ սա կարող է նախադեպ լինել այլ երկրների համար, եւ թուրքերը վտանգ են տեսնում»,- ամփոփեց պատգամավորը:

Նշենք, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկելու է այսօր` փետրվարի 28-ի երեկոյան, Երեւանի ժամանակով ժամը 20-ին։ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Վալերի Բուայեի ներկայացրած օրինագծին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել 2011 թվականի դեկտեմբերի 22-ին, Սենատը` այս տարվա հունվարի 23-ին։

Ֆրանսիացի մի խումբ սենատորներ օրինագիծը վիճարկել են Սահմանադրական խորհրդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ