News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մարմնավաճառուհի աղջկա պատիվը փրկելու համար Գյումրիի բնակչուհի, 21-ամյա Մարի Դավթյանին սպանած 51-ամյա Գեւորգ Թադեւոսյանը հոգեկան հիվանդությամբ է տառապել: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի քննչական բաժնի Հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Գեւորգ Աղաբաբյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, որոնց եզրակացությունը այս պահին դեռ չեն ստացել:

Հարցին, թե այդ փորձաքննությունները հնարավոր է, որ գործի ընթացքը փոխեն, իսկ հոգեկան հիվանդությամբ տառապող Գեւորգ Թադեւոսյանը անմեղսունակ ճանաչվի, Աղաբաբյանն  արձագանքեց. «Օրինակ` մեղադրյալի հետ կապված նշանակվել է հոգեբուժական, հոգեբանական համալիր փորձաքննություն ինքն էլ գտնվում է  Նուբարաշենում, բայց դեռ փորձաքննության արդյունքները, ինչպես նշեցի, չենք ստացել: Պետք է ճշտվի իր մեղսունակության եւ անմեղսունակության հարցերը` դեպքի ժամանակ, ինչ վիճակում է գտնվել եւ այլն: Բայց անգամ, եթե մարդը դեպքի ժամանակ հոգեկան հիվանդությամբ է տառապել դա բավարար չէ ասելու համար, որ նա անմեղսունակ է: Չեմ կարծում, որ նրան անմեղսունակ ճանաչելու խնդիր լինի, քանի որ նրա հետ շփվելուց, իր գործողություններից պարզ է, որ նա մեղսունակ է: Համենայնդեպս սպասում ենք եզրակացությանը»:

Գեւորգ Աղաբաբյանից հետաքրքրվեցինք, թե Ալվարդին պատիժ չի հասնում մարմնավաճառության համար հատկապես այն դեպքում, երբ բացահայտ է, որ նա մարմնավաճառությամբ է զբաղվում պարզաբանեց. «Արգելված է հետեւյալ կերպ` դա վարչական իրավախախտում է  համարվում: Մարմնավաճառությունը,  որպես այդպիսին, եթե  հարկադրանք չկա, այն պատժելի արարք չի համարվում:Դա դիտվում է որպես զանցանք»:

Հիշեցնենք, որ Մարի Դավթյանի դին` այրված ու հոշոտված վիճակում, ոստիկանները հայտնաբերել էին Գյումրիի նախկին Պոլիտեխնիկի կիսաքանդ շենքի նկուղում:  Իսկ հունվարի 21-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած  միջոցառումների  արդյունքում պարզվել էր, որ Գյումրիի 51-ամյա բնակիչ, նախկինում դատապարտված Գեւորգ Թադեւոսյանը հունվարի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում,  նախկին պոլիտեխնիկական ինստիտուտի քանդված մասնաշենքի 1-ին հարկում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքներով հարվածել է Մարի Դավթյանի ծնոտին, կպչուն ժապավենով կապել ոտքերը,  գլխին պոլիէթիլենային պարկ հագցրել, եւ շնչահեղձ անելով` պարկը կպչուն ժապավենով փաթաթել վզին, որից հետո մարմինը ծածկելով լաթի կտորներով` գնացել է տուն:  Վերադարձել է նույն օրը, ժամը 19-ի սահմաններում եւ նշված վայրում, կնոջ վրա դիզելային վառելիք  լցնելով` հրկիզել է:  Գեւորգ Թադեւոսյանը կալանավորված է:

Իսկ Շիրակի մարզի քննչական բաժնի Հատուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ, սույն գործով քննչական խմբի ղեկավար Գեւորգ Աղաբաբյանի տեղեկացրել էր, որ Ալվարդի հոր` Գեւորգ Թադեւոսյանի դեմ քրգործը հարուցվել է 104 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է 8-15 տարի ժամկետով ազատազրկում: Նրանից նաեւ տեղեկացել էինք, որ 20-ամյա Ալվարդը եւս զբաղվել է մարմնավաճառությամբ  եւ կոնկրետ մեղադրյալի պատճառաբանությունը հենց դա է, որ աղջիկը ներգրավվել է մարմնավաճառության մեջ, իսկ դա կանխելու իր փորձերը արդյունք չեն տվել: Ավելին` Ալվարդը մարմնավաճառությամբ զբաղվել է դեռ անչափահաս տարիքից: «Մարին Ալվարդին ոչ թե փորձել է ներգրավել մարմնավաճառության մեջ, այլ նա արդեն ներգրավված է եղել: Մի քանի դեպք ունենք, գործով հիմնավորված, որ միասին գնացել են մարմնավաճառության»,- ասել էր քննիչը: Ի դեպ, Ալվարդն ու Մարին ծանոթ են եղել դեռեւս դպրոցական հասակից, երկուսն էլ նույն դպրոցում են սովորել, բայց կոնկրետ մի քանի ամիս առաջ են մտերմացել:

«Հայրն իմացել է, որ Ալվարդը մարմնավաճառությամբ է զբաղվում, Մարիի հետ միասին գնում են տղաների հետ եւ այլն եւ այլն: Նույնիսկ դեպքի օրն էլ է նման բանի ականատես եղել»,- ավելացրել էր քննչական խմբի ղեկավարը:  Իսկ, երբ փորձեցինք պարզել, թե ինչ պատճառով է երկու տարի առաջ ազատազրկվել նաեւ Ալվարդի եղբայրը, պարզվեց, որ ազատազրկվածների շարքում, ոչ միայն եղբայրն է եղել, այլեւ ամուսինը, ամուսնու ընկերը եւ սկեսրայրը: «2009թ-ին  այդ գործի քննիչն էլ եմ ես եղել: Այդ  ժամանակ միայն Ալվարդի եղբայրը չի եղել: 4 հոգով են եղել. Ալվարդի նախկին ամուսինը, եղբայրը, Ալվարդի սկեսրայրը եւ ամուսնու ընկերը: Այդ ժամանակ նրանք սպանել են Սաշիկ Հակոբյանին, ով հարբեցող է եղել եւ իրենց բնակարան գնալ գալ է ունեցել: Երբ ակնհայտ է դարձել, որ Սաշիկը աչք է դրած եղել Ալվարդի վրա եւ երբ ձեռքերին ազատություն է տվել, այդ մասին Ալվարդը պատմել է ամուսնուն ու եղբորը, ովքեր ծեծելով սպանել են նրան: Հետո հետքերը վերացնելու համար տարել պահել են նույն Պոլիտեխնիկ ինստիտուտի շենքում, որի մոտ էլ հենց այրել են»,- պատմել էր քննիչը եւ ավելացրեց, որ Ալվարդի եղբայրն ու նախկին ամուսինը դատապարտվել են 12 տարվա ազատազրկման:

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ