News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունավետ կարգավորում հնարավոր է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող ձեւաչափով:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, նման դիրքորոշում է հայտնել ոչ միայն հայկական կողմը, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` պետության ղեկավարների մակարդակով, ընդ որում եւ բանավոր եւ գրավոր ձեւով:

«Հայաստանի դիրքորոշումը շատ պարզ է` ձեւաչափի փոփոխությունն անընդունելի է: Հակամարտության հայկական կողմերը` Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը, մեկ անգամ չէ, որ ասել են դրա մասին: Նման դիրքորոշում են ցուցաբերել ԵՄ-ի բարձրաստիճան դեմքերը, այդ թվում ԵՄ-ի` արտաքին հարցերով եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ԵՄ ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն եւ ուրիշները»,-նշել է զրուցակիցը` ընդգծելով, որ ձեւաչափի փոփոխման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի եւ հակամարտության միջնորդների համաձայնությունը:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է ԵԱՀԿ-ի եւ ոչ թե Եվրախորհրդարանի կառույցը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է եւ պահանջում է նուրբ, քրտնաջան աշխատանք: Ձեւաչափի ցանկացած փոփոխություն կամ նման փորձ կվնասեն այդ աշխատանքին»,-եզրափակել է փոխխոսնակը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 22-ին, փաստաթուղթ է ընդունել Հայաստանի վերաբերյալ, որտեղ, ի թիվս այլ դրույթների, առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման միջնորդական առաքելությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային փոխարինի Եվրամիությունը:

Նշենք, որ փաստաթուղթը դեռեւս պետք է քվեարկության դրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մեկ ամսից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ