News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 19
USD
476.98
EUR
527.92
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կոնֆուցիուսի ինստիտուտը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ մշակութային եւ կրթական առումով լավ կապող օղակ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի ռեկտոր Լի Մեյը, ով ավարտում է իր առաքելությունն այդ պաշտոնում: Առաջիկայում տիկին Լին կմեկնի հայրենիք:

«Ես Հայաստանում աշխատել եմ երկու տարի ` 2010թ. մարտից: Հայաստանն ինձ շատ է դուր գալիս»,- նշեց տիկին Լին` ավելացնելով, որ այդ ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել` չինական մշակույթին  ծանոթացնելու նպատակով, եւ մեծ առաջընթաց կա:

Կոնֆուցիուսի ինստիտուտին կից ստեղծվել է ուշուի խումբ: Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտը հիմնվել է  երեք տարի առաջ, այդ ընթացքում ինստիտուտի ունկնդիր է դարձել ավելի քան 100 մարդ, եւ նրանց թիվը շարունակում է  աճել: Մոտ 50 ուսանողներ ինստիտուտի աջակցությամբ ուսանել են Չինաստանում: «Վերադառնալուց հետո երիտասարդներն ասում են, որ մեծ տպավորություններ են ստացել, սիրել են Չինաստանն ու  չինական մշակույթը, խոհանոցը»,-նշեց Լին:

Նա ավելացրեց, որ իրենց միջոցառումները լայնորեն լուսաբանվել են մամուլում. «Չնայած մեծ առաջընթացին եւ հայ ու չինացի ժողովուրդների միջեւ փոխադարձ հետաքրքրությանը, աշխատանքի համար դեռ շատ ուղղություններ կան»,-արձանագրեց ռեկտորը: Նրա խոսքով` այդ ուղղություններից մեկը կարող է լինել Հայաստանի դպրոցներում չինարենի ուսուցման աշխարհագրության ընդլայնումը, եւ չինական կողմը քննարկում է ուսուցիչներ ուղարկելու ծրագրերը:

Պատասխանելով հարցին, թե հայրենիք վերադառնալուց հետո ինչով է զբաղվելու, տիկին Լին նշեց, որ կաշխատի Շանսիի համալսարանում եւ օտարերկրացիներին կծանոթացնի չինարենին եւ չինական մշակությին: «Երկու տարվա ընթացքում ես փորձեցի լավագույնս ներկայացնել չինական մշակույթն ու չինարենը: Չինաստանում ես կտարածեմ նաեւ Հայաստանի, նրա մշակույթի, լեզվի, գեղատեսիլ բնության  մասին տեղեկություն: Հուսով եմ, որ կարող եմ նպաստել, որպեսզի շատ չինացիներ այցելեն Հայաստն որպես զբոսաշրջիկներ կամ գործարարներ»,-նկատեց Լի Մեյը:

Նշենք, որ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի նոր ռեկոտրը, ամենայն հավանականությամբ, աշխատանքի կանցնի սեպտեմբերին:

Կոնֆուցիուսի ինստիտուտների գլոբալ ցանցը, որը միջազգային մշակութա-կրթական կենտրոն է, ստեղծվել է  արտերկրում չինարենի տարածման հարցերով զբաղվող պետական գրասենյակի կողմից: Բացի ինստիտուտներից,  հիմնվում են նաեւ  Կոնֆուցիուսի դասարաններ:  2010 թ. վերջի տվյալներով` աշխարհում գործել է Կոնֆուցիուսի  322 ինստիտուտ եւ 369 դասարան: Մինչեւ 2020թ. ինստիտուտների թիվը նախատեսվում է հասցնել մինչեւ 1000-ի: Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտը հիմնվել է չինական Շանսիի համալսարանի եւ  Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախաձեռնությամբ` 2009թ. փետրվարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ