News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետական այցով Սինգապուրում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` մարտի 28-ին, հանդիպումներ է ունեցել այդ երկրի առաջնորդների հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարական «Իստանա» նստավայրում ՀՀ նախագահին դիմավորել է Սինգապուրի նախագահ Թոնի Տան Քեն Յամը, որից հետո երկու երկրների ղեկավարներն անցան հանդիպումների սրահ: Ողջունելով իր հայ գործընկերոջը` Թոնի Տան Քեն Յամն իր խոսքում նշել է, որ թեեւ Հայաստանի ու Սինգապուրի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 20 տարի առաջ, այնուամենայնիվ երկրների հարաբերությունները հարյուրամյակից ավելի պատմություն ունեն: «Հայ համայնքը կարեւոր դերակատարություն է ունցել մեր երկրի կյանքում: Մեր երկրում առաջին թերթը եւ առաջին քրիստոնեական եկեղեցին հիմնել են հայերը»,- նշել է Սինգապուրի նախագահն ու վստահեցրել, որ հայերը մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքում: Նա իր երկրի աջակցությունն է հայտնել Հայաստանին եւ մասնավորապես առաջարկել փորձի փոխանակում` նկատի ունենալով հատկապես Սինգապուրում պետծառայության համակարգում եղած փորձը:

Իր հերթին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ դրական արձագանքել հնչած առաջարկին` ցանկություն հայտնելով օգտագործել Սինգապուրի զարգացման փորձը` ինչպես պետական ծառայության ոլորտում, այնպես տնտեսության ու մասնավորապես բարձր տեխնոլոգիաների:

Նույն նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ երկրի վարչապետ, երկրի փաստացի ղեկավար Լի Սյան Լունի հետ: Վերջինս նույնպես հիշելով Սինգապուրի պատմության ընթացքում հայ համայնքի ունեցած նշանակալից դերակատարումը եւ հատկապես հայ գործարար խավի բարի համբավը եւ յուրահատուկ առաքելությունը Սինգապուրում 19-ր դարի վերջին առեւտրային հարաբերությունները զարգացնելու գործում` ցանկություն է հայտնել վերականգնված տեսնել հայ-սինգապուրյան տնտեսական սերտ կապերը:

Խոսելով երկու երկրների ներուժի մասին` Սինգապուրի վարչապետը հետաքրքիր դիտարկում է արել:

Մասնավորապես նկատի ունենալով, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ծրագրում նախատեսված է այցելություն աշխարհի ամենաբարձր դիտանիվ (колесо обаозрения)` Singapore Flyer, նա նշել է, որ դիտանիվից միանգամից երեք երկիր է երեւում` Մալայզիան, Ինդոնեզիան եւ Սինգապուրը: Ու նշելով, որ Հայաստանն էլ Սինգապուրի նման փոքր երկիր է, վարչապետ Լունը վստահեցրել է. «Երկրի չափերը զարգացման խոչընդոտ լինել չեն կարող»:  

Լի Սյան Լունը, ինչպես եւ Սերժ Սարգսյանը, նախօրեին է Սեուլից վերադարձել Սինգապուր, որտեղ մասնակցում էր Միջուկային անվտանգության գագաթաժողովին: Այս առնչությամբ կարեւորելով մասնակցությունը գագաթաժողովին, նա իր խոսքում մասնավորապես նկատել է. «Փոքր երկրները միջազգային հարաբերությունների ուղեգիծ չեն որոշում, սակայն նրանք ապրում են միջազգային կանոններով»:  

Նշենք, որ Սինգապուրի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքում այսօր երկու երկրների միջեւ ստորագրվել են նաեւ փաստաթղթեր: Մասնավորապես, կառավարությունների միջեւ ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին հուշագիր, եւ դիվանագիտական ու ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր:

Այսօրվա ընթացքում ՀՀ նախագահը կմասնակցի Սինգապուրի Բիզնես ֆեդերացիայի անունից մատուցված ճաշին, որին մասնակցելու են երկրի խոշորագույն գործարարներն ու կորպորացիաների ղեկավարները:

Երեկոյան Սինգապուրի նախագահի անունից ի պատիվ ՀՀ նախագահի պետական ճաշ կմատուցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ