News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2011 թվականը Լոռիի մարզում բարենպաստ գյուղատնտեսական տարի էր` նախորդ տարիների համեմատ: Այս մասին, մարտի 30-ին, Լոռիի մարզխորհրդի նիստի ժամանակ նշել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը: Նրա խոսքով, նախորդ տարի մարզում արտադրվել է 21,744 հազար տոննա հացահատիկ, 38, 943 հազար տոննա կարտոֆիլ, 16,804  հազար տոննա բանջարեղեն: «Բոլոր ցուցանիշներն անցած տարվա գրանցված թվից ավելի բարձր են: Կատարված աշնանացանի ծավալները եւս ավելացել են 576 հա-ով»,-ասաց նա: Նշենք, որ նիստին ներկա է եղել նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 

Վազգեն Օհանյանի ներկայացմամբ, 2011 թվականին գյուղնախարարության կողմից մարզին հատկացված գարնանացան գարու եւ եգիպտացորենի արժեքները վճարվել են 100 տոկոսով: Ըստ նրա  2011 թվականի աշնանը նախարարության կողմից հատկացվել է ընդամենը 330 կգ ցինկի ֆոսֆիդ մկնդեղ, որը մարզի ցանքատարածությունների համար շատ քիչ է: «Խնդրում ենք նախարարին, որ այս տարվա բաշխման ժամանակ մեր մարզին հատկացնի գոնե 2000 կգ մկնդեղ, որ կարողանանք այդ բացը լրացնել»,-ասաց նա:

2012 թվականի գարնանը կառավարության կողմից մարզին հատկացվել է 2000 տոննա ազոտական պարարտանյութ, որից այսօրվա դրությամբ հավաքագրվել եւ փոխանցվել է 197,6 միլիոն դրամ կամ 1646 տոննայի արժեքը: Մարզին հատկացված 550 տոննա դիզվառելիքից հավաքագրվել եւ մուծվել է 119,7 միլիոն դրամ, կամ 342 հազար լիտրի արժեքը, որից համայնքներն այս պահին ստացել են 30 հազար լիտր դիզվառելիք:

Տեղեկացվեց, որ Լոռին ընդգրկված չէ գյուղական տարածքների ստեղծման ծրագրի առաջին մասում, գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը հույս հայտնեց, որ մարզը կընդգրկվի ծրագրի երկրորդ փուլում որով նախատեսվում է աջակցել այգեգործության զարգացմանը: «Գարնանացանի աշխատանքներն սկսելու համար մարզի գյուղացիական տնտեսություններում կա գարու սերմացուի որոշակի քանակություն, որ գյուղացիները պահպանել են անցած տարվա ստացած սերմացուից, սակայն եգիպտացորենի սերմացու մարզում ընդհանրապես չունենք, ցանկալի կլինի, որ գյուղնախարարությունը աջակցի մարզին, քանի որ վերջին տարիներին նկատվում է եգիպտացորենի ցանքերի ավելացում»,- նշել է Օհանյանը:

 

Տպել
Ամենաշատ