Հունաստան եւ Կիպրոս պաշտոնական այցն ավարտելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել, որտեղ մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին, խոսել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման ու  Մերձավոր Արևելքում իրադրության պատճառով առաջացած փախստականների ճգնաժամի մասին: Երեկոյան Սերժ Սարգսյանը վերադարձել է Երևան, իսկ մի քնաի օրից կմեկնի Միացյալ Նահանգներ:

Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը պարգեւատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով: Սուրբ աթոռում Հայաստանի առաջին դեսպանը այս կոչմանն արժանացել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ: Ի դեպ, 2016 թվականին սպասվում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան:

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել Արցախի մարտական դիրքերում: 20-ամյա Արտյոմ Վարդերեսյանը Լոռու մարզի Կաթնաջուր գյուղից էր, ծնողների միակ որդին: Երեք ամսից Արտյոմը պետք է զորացրվեր:

Դատական սխալի համար Հայաստանը կվճարի 50 հազար եվրո: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ՝ Հայաստանի կառավարությունից հենց այսքան փոխհատուցում կստանան «Մատաղիսի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, եւ 7 տարի անց արդարացված երեք զինծառայողները: ՄԻԵԴ-ը ապացուցված է համարել, որ տղաներից խոշտանգումով են կորզել խոստովանություն, թե իրենք են սպանել երկու ծառայակիցներին:

Հայտնի դատահոգեբան փորձագետ Էլդա Գրինը խոսում է այն երկտողի մասին, որն իբր ինքնասպան լինելուց առաջ թողել է ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը: Հոգեբանը բացառում է ինքնասպանության վարկածը: 19-ամյա կուրսանտի անձնական տետրն ուսումնասիրել ու ինքնասպանության հակում այնտեղ չի տեսել: Փոխարենը Հայկազի սպանության մեջ մեղադրվող չորս ծառայակիցների մեջ հոգեբանը նկատել է վախ եւ ինչ-որ բան թաքցնելու միտում: Նրանցից երկուսի պահվածքը փորձագետին ընդհանրապես դուր չի եկել: 

Վլադիմիր Գասպարյանն ըստ երեւույթին սկսել է խոստացած պատերազմը կրիմինալ աշխարհի դեմ: Նախօրեին շուրջ 120 քաղաքացի է ոստիկանական բաժանմունքներ տարվել: NEWS.am-ի տեղեկություններով՝ նրանք թաղային հեղինակություններ են, քրեական դեմքեր, որոնց մոտ խուզարկությամբ նաեւ զենք եւ թմրանյութեր են հայտնաբերվել:

Սամվել Ալեքսանյանը պատրաստ է օգնել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ճակնդեղի աճեցման գործ սկսի, քանի որ ինքը դրա ժամանակը չունի: Փաշինյանը պարբերաբար հայատարարում է, որ Ալեքսանյանը  շաքարավազ է ներկրում հումքի անվան տակ, որպեսզի խուսափի հսկայական չափի մաքսատուրքեր վճարելուց: Գործարար պատգամավորն ասում է՝ Փաշինյանն իրեն քննադատելով իրականում ուրիշ նպատակ է հետապնդում:

Նիկոլ Փաշինյանն արագ արձագանքել է գործընկերոջ հայտարարությանը եւ ֆեյսբուքում ստատուս գրել:

Գիշերը Հայաստանում երկրաշարժ է գրանցվել՝ էպիկենտրոնում 3-4 բալ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցումները ամենաուժեղը զգացել են Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչները: Գյուղացիներն այնքան են վախեցել, որ ժամը 1-ից հետո չեն քնել:

 Գյուղացիները եռօրյա ցրտահարության վտանգի առաջին գիշերն են անցկացրել: Որոշ գյուղերում մարդիկ գիշերը արթուն են մնացել, փորձելով ծխահարելու եւ ոռոգման միջոցով փրկել իրենց բերքը: Բայց ոչ բոլորին է հաջողվել: Ամենաշատը տուժել են Արարատյան դաշտի ծառերը, որտեղ հատկապես ծիրանենիներն արդեն ծաղկել էին: Գյուղնախարարությունը հիշեցնում է՝ առջեւում եւս երկու ցուրտ գիշեր կա:

Զատկի հաջորդ երկուշաբթին Հայաստանում ոչ աշխատանքային է լինելու։ Դրա փոխարեն կաշխատենք ապրիլի 2-ին:

Ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ ակումբում վստահ են՝ ֆեդերացիան իրենց խմբակային տոմսեր միտումնավոր չի վաճառում, որպեսզի հավաքականի հանդիպումների ժամանակ իրենք տրիբունայում միասին չնստեն: Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը պահանջող ֆաները կարծում են՝ այս կերպ նա փորձում է պառակտել իրենց: Այսօր երկրպագուները լրատվամիջոցների ներկայությամբ կարողացան խմբակային տոմսեր վերցնել մարզադաշտի հյուսիսային տրիբունայում առաջիկա Հայաստան-Բելառուս հանդիպման համար: Ի դեպ առաջիկա խաղը վերջինն է հավաքականի վետերան Ռոման Բերեզովսկիի համար: ՖԱՖ-ի անդամները առաջիկա խաղին հրաժեշտի անակնկալ են խոստանում:

Դոլարն այսօր էժանացել է, իսկ եվրոն, ֆունտն ու ռուբլին՝ զգալիորեն թանկացել։ Այսպիսով՝   դոլարի փոխարժեքն  կազմել է 486, ռուբլունը  7.11 , եվրոյինը   550,  ֆունտինը  696 դրամ։

Մարտի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել։  Երևանում այս  գիշեր  օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -7, իսկ վաղը ցերերկը՝ կլինի մինչև 9 աստիճան տաքություն։