«Ելք» դաշինքը թանկացումների դեմ հերթական ցույցն էր կազմակերպել: Ինչպես նախորդ անգամ՝ այսօր էլ հավաքվել են Ազնավուրի հրապարակում, իսկ հետո երթ անցկացրել:

«Ելք»-ի անդամները խոսել են թանկացումների, դրանց հետեւանքների մասին, հարկային դրույքաչափերի նվազեցում պահանջել, նաեւ «Ո՛չ թանկացումներին» եւ «Ո՛չ թալանին» կարգախոսներ հնչեցրել: Էդմոն Մարուքյանը խոսել է թանկացումների հարցով անցկացված խորհրդարանական լսումների մասին՝ դրանք «ձեռառնելիք» որակելով:

Երթի ընթացքում փոքր միջադեպ է գրանցվել. ոստիկանները փակել են Մաշտոցի պողոտայի մի մասն ու ցուցարարներին հորդորել շարժվել միայն մեկ հատվածով: Երթի կազմակերպիչները հակադարձել են. առջեւից եկող քաղաքացիներին նույնպես պետք է տեղեկացնեն պահանջների մասին: Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, թե իրենք պայքարում են բոլորի, այդ թվում՝ ոստիկանների ընտանիքների համար: Թանկացումների դեմ պայքարը «Ելք»-ը որոշել է փողոցից տեղափոխել խորհրդարան. երթի ավարտին Նիկոլ Փաշինյանը հավաքվածներին տեղեկացրել է, որ վաղվանից Ազգային Ժողովում ստորագրահավաք են սկսելու՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների հարցով արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Խորհրդարանում զարգացումներից հետո միայն պարզ կդառնա, արդյո՞ք հարկավոր է նորից փողոց դուրս գալ:

Սիրիական Իդլիբում փետրվարի 3-ի երեկոյան ահաբեկիչները ռուսական Սու-25 գրոհային օդանավ են խոցել: Օդանավը խոցել են դյուրակիր զենիթահրթիռային համալիրից: Օդաչու Ռոման Ֆիլիպովը հասցրել է դուրս պրծնել, սակայն զինյալները կրակ են բացել պարաշյուտով վայրէջք կատարող Ֆիլիպովին: Նա հասցրել է վայրէջք կատարել ու թաքնվել, հետո կրակ է բացել զինյալները ուղղությամբ: Ֆիլիպովը, սակայն, ի վերջո ստիպված է եղել պայթեցնել ձեռքի նռնակը՝ գերի չընկնելու համար:

Օդանավի խոցման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ան-Նասր» խմբավորումը: Ի դեպ՝ օդանավը մանեւրել է բավական ցածր՝ շուրջ 4 մետր բարձրությամբ: Աղբյուրների համաձայն՝ դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այդ գոտում դեէսկալացիային հետեւող Թուրքիան խոստացել էր «անվտանգության երաշխիք տալ այս տարածքում», սակայն չի կարողացել ապահովել ռուսական օդանավի անվտանգությունը:

Ռուսաստանցի սենատոր Իգոր Մորոզովը կարծիք է հայտնել, որ զենիթահրթիռային համալիրը, որից խոցվել է Սու-25-ը, կարող էր զինյալների ձեռքում հայտնվել Ուկրաինայից, մաքսանենգ ճանապարհով: Կրեմլի խոսնակը, սակայն, այդ հարցով հայտարարություներում զգուշավորության կոչ է արել: Իսկ մինչ այդ, Ռուսաստանի զինված ուժերը պատասխան հարված են հասցրել այն շրջանին, որտեղից հրթիռ է արձակվել Սու-25-ի ուղղությամբ: Արդյունքում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման 30 զինյալ է սպանվել: 

Դամասկոսի հայաշատ Բաբ Թումա թաղամասի ականակոծման հետեւանքով երկու հայ է վիրավորվել: Բերիո թեմի տեղեկացմամբ՝ վիրավորները քույր ու եղբայր են՝ Լորիս եւ Հակոբ Դեմիրճյաններ: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել: Նշենք, որ զինված խմբավորումները կրկին խախտել են Արեւելյան Ղութայում դեէսկալացման մասին համաձայնությունն ու գնդակոծել Դամասկոսի բնակելի թաղամասերը: Արդյունքում մեկ զոհ եւ երեք վիրավոր կա: Եվս 15 մարդ վիրավորվել է նախօրեին բնակելի մի քանի թաղամասի գնդակոծության հետեւանքով:

Մոսկվան ձյունով է պատվել. Ռուսաստանի մայրաքաղաքում մեծ քանակությամբ ձյուն է տեղացել, մարդիկ դժվարությամբ են ճեղքում ահռելի ձնակույտերը: Հաղորդվում է հսկայական խցանումների, մեծ թվով տապալված ծառերի, չեղարկված չվերթների, օդանավակայաններում արգելափակված ուղեւորների մասին: Նշվում է, որ վերջին 60 տարիների ընթացքում նման քանակությամբ տեղումներ չեն եղել:

Այսօր նաեւ ուժեղ քամու պատճառով Մոսկվայում եղանակի վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել: Տեղումների պատճառով շուրջ 200 չվերթ է հետաձգվել, խափանվել է նաեւ Երեւանի հետ ավիահաղորդակցությունը:

Ադրբեջանի նախագահն անսպասելի որոշում է կայացրել. Իլհամ Ալիեւը որոշել է ապրիլի 11-ին երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել: 2016 թվականին փոփոխված Սահմանադրությամբ՝ Ադրբեջանի նախագահն իրավունք է ստացել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին միանձնյա որոշում կայացնել: Ավելի վաղ որոշվել էր նախագահական ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 17-ին: Նշենք, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտնել է երեք թեկնածու, այդ թվում՝ Իլհամ Ալիեւը:

Ալիեւի հաղթանակի հարցում կասկածներ գրեթե չկան: Փոխարենը վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե ինչու է նա շտապում նախագահ դառնալ: Տարբերակներից մեկի համաձայն՝ Ադրբեջանի գործող նախագահը մտահոգություններ ունի՝ կապված երկրում վատթարացող տնտեսական իրավիճակի պայմաններում անկանխատեսելի իրադարձությունների հետ: Եվս մեկ հնարավոր պատճառ էլ փորձագետները համարում են Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը. արդյունքում այստեղ քաղաքական համակարգը, նրանց կարծիքով, ավելի բաց կդառնա՝ համեմատության մեջ վատ վիճակում դնելով Ադրբեջանին: Ոմանք կարծում են, որ Հայաստանում քաղաքական համակարգի փոփոխությունն Ալիեւի մոտ հոգեբանական անհարմարավետություն է առաջացնում:

Միջազգային օլիմպիական կոմիտեն հրաժարվել է Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին հրավիրել դոփինգային սկանդալի կենտրոնում հայտնված ռուսաստանցի 15 մարզիկների, չնայած Մարզական վճռաբեկ դատարանն օրերս բավարարել էր նրանց բողոքարկումը: Կոմիտեի հայտարարության համաձայն՝ դատարանի որոշումը չի ցրել այդ մարզիկների կողմից դոփինգի օգտագործման շուրջ կասկածները: Հիշեցնենք, որ Մարզական վճռաբեկ դատարանն արդարացրել էր որակազրկված ռուսաստանցի օլիմպիականներին. դատարանը բավարարել էր 28 մարզիկների բողոքարկումը եւ չեղարկել Օլիմպիական խաղերին մասնակցելուց նրանց ցմահ որակազրկումը: Միաժամանակ, վերականգնվել են 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերի այդ մասնակիցների արդյունքները: Միջազգային օլիմպիական կոմիտեն եւ Հակադոփինգային համաշխարհային կազմակերպությունը, սակայն, դժգոհ են դատարանի որոշումից:

Փետրվարի 5-ին դոլարը թանկացել է, եվրոն պահպանում է 600 դրամի շեմը: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 600, ռուբլունը՝ 8 դրամ 52 լումա, ֆունտինը՝ 679 դրամ:

Փետրվարի 6-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-7 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն: