Հայաստանի 4-րդ նախագահ ընտրվեց միակ թեկնածու Արմեն Սարգսյանը: Նոր Սահմանադրության համաձայն՝ առաջին անգամ հանրապետության նախագահն ընտրվեց Ազգային Ժողովի կողմից, փակ գաղտնի քվեարկությամբ: Ընտրվելու մասին խորհրդարանի նախագահի հայտարարությունից հետո Արմեն Սարգսյանն ամբիոնին է մոտեցել, կարճ շնորհակալություն հայտնել եւ հեռացել՝ այս անգամ էլ չցանկանալով շփվել լրագրողների հետ:

Նշենք, որ քվեարկությանը մասնակցել է Ազգային Ժողովի 105 պատգամավորներից 101-ը. Արմեն Սարգսյանի օգտին քվեարկել է 90 պատգամավոր, դեմ՝ 10-ը, 1 քվեարթերթիկ անվավեր է ճանաչվել: Հատկանշական է, որ իշխող կոալիցիայի թեկնածուին դեմ քվեարկելու մասին հայտարարել էր միայն ընդդիմադիր «Ելք»-ը, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել էր ամբողջ խմբակցությամբ կողմ քվեարկել: Սակայն այսօր քվեարկությանը մասնակցել է «Ելք»-ի 9 պատգամավորներից միայն 7-ը: Ովքե՞ր են դեմ քվեարկած մյուս 3 պատգամավորները՝ առայժմ հայտնի չէ: Վահրամ Բաղդասարյանը վստահ է, որ քվեարկությանը մասնակցած հանրապետական եւ դաշնակցական բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Նույնն են պնդում նաեւ «Ծառուկյան» դաշինքում: Իսկ Նիկոլ Փաշինյանն այս առիթով հեգնել է:

Նորընտիր նախագահը լիազորությունները կստանձնի ապրիլի 9-ին՝ գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտի օրը, եւ կպաշտոնավարի 7 տարի: Նրա լիազորությունները, սակայն, առավելապես ներկայացուցչական բնույթ են ունենալու, քանի որ ամբողջությամբ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո երկրի թիվ մեկ պաշտոնյան վարչապետն է լինելու: Նրան էլ Ազգային ժողովը կընտրի ապրիլի 17-ին:

Իսկ այսօր պատգամավորները նաեւ ընտրել են Սահմանադրական դատարանի նոր անդամին: Հրայր Թովմասյանի օգտին քվեարկել է 64 պատգամավոր, դեմ՝ 27-ը: Հրայր Թովմասյանին Ազգային ժողովում կփոխարինի ՀՀԿ նախընտրական ցուցակում ներառված հաջորդ թեկնածուն՝ Տաճատ Վարդապետյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել եւ Վարդապետյանին պատգամավորական մանդատ հանձնելու վերաբերյալ արձանագրություն կազմել:

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Գործընկերոջը «Զվարթնոց»-ում դիմավորել է Կարեն Կարապետյանը: Կառավարությունում Կարեն Կարապետյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հետեւել են հայ-վրացական ընդլայնված կազմով բանակցությունները: Հետո արդեն երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել լրատվամիջոցների համար հայտարարությամբ: Լրագրողները, սակայն, նրանց հարցեր ուղղելու հնարավորություն չեն ունեցել:

Թուրքական մամուլը վայնասուն է բարձրացրել. պատճառը հայ-թուրքական արձանագրությունների կնքման գործընթացը կասեցնելու մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն է: Թուրքական պետական շրջանակներն առայժմ որեւէ կերպ չեն արձագանքել այս որոշմանը, իսկ մամուլն այն շոկային եւ սկանդալային է բնորոշել: Նշենք, որ Հայաստանի նախագահը 2009 թվականին կնքված ցյուրիխյան արձանագրություններն Ազգային ժողովից հետ էր կանչել դեռեւս 2015 թվականին, իսկ 2017-ին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել, որ եթե Թուրքիան շարունակի նախապայմաններ առաջադրել ու հետաձգել փաստաթղթի վավերացումը, Հայաստանը գարուն կմտնի առանց այդ արձանագրությունների:

Տիգրանակերտի՝ այժմյան Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին չի պետականացվի: Թուրքիայի վճռաբեկ դատարանը բավարարել է եկեղեցու հիմնադրամի կողմից ներկայացված հայցը: Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ՝ Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում՝ Սուրբ Կիրակոս եկեղեցին, պետականացվել են: Իշխանությունը պատճառաբանել էր, թե քրդերի հետ բախումների հետեւանքով վնասված Սուրի շրջանը պետական միջոցներով վերականգնելու են: Նշենք, որ Սուրբ Կիրակոսը վերաօծվել է 2011 թվականի հոկտեմբերին: Եկեղեցին վերանորոգվել է տեղի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ռուսական նոր սպառազինության մասին Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Միացյալ Նահանգների բուռն արձագանքին է արժանացել: Պետքարտուղարությունը Ռուսաստանին մեղադրել է ապակայունացնող միջուկային զենք մշակելու համար: Ամերիկյան գերատեսչության խոսնակն էլ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Պուտինի ելույթի ժամանակ ցուցադրված անիմացիոն տեսանյութը, կարծես, ԱՄՆ-ի վրա հարձակում է ներկայացնում: Ամեն դեպքում, Վաշինգտոնում կարծում են, որ Պուտինը պարզապես ցանկացել է նախընտրական շրջանում գրավել հանրության ուշադրությունը:

Նշենք, որ Ռուսաստանի նախագահն ամենամյա ուղերձում խոսել էր երկրի վերջին ռազմական զարգացումների մասին՝ հայտարարելով, որ մեկնարկել են «Սարմատ» ծանր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ակտիվ փորձարկումները: Պուտինն ընդգծել էր, որ «սուպերզենքի» համար, որը փոխարինելու է «Վոեվոդ» համալիրին, այլեւս ոչ մի ՀՀՊ համակարգ խոչընդոտ չի լինի: «Սարմատ»-ից բացի՝ Ռուսաստանում մշակվել ու փորձարկվում են միջուկային շարժիչով նոր թեւավոր հրթիռ, «Ավանգարդ» հրթիռային համալիր, «Կինժալ» հիպերձայնային ավիացիոն հրթիռային համալիր, ստորջրյա անօդաչու սարքեր, մարտական լազերային համալիրներ:

Մարտի 2-ին դոլարը նորից թուլացել է, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 590, ռուբլունը՝ 8 դրամ 48 լումա, ֆունտինը՝ 661 դրամ:

Մարտի 3-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մարտի 3-ի գիշերը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն: