24 տարի առաջ այս օրը Ադրբեջանի զինված ուժերը Արցախի Մարաղա գյուղում կտտանքներով սպանել են ավելի քան 50 բնակչի, մինչ օրս գյուղը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի մեջ։ Պաշտոնական Երեւանը այսօր արձագանքել է Մարաղայի կոտորածի տարելիցին՝ այն դիտելով որպես Ադրբեջանի հետեւողական քաղաքականության մաս, որը նոր դրսեւորում ստացավ ապրիլյան ագրեսիայի ժամանակ:

Բարձրագույն դատական խորհուրդը արդեն գործում է մեկ տարի եւ այսուհետեււ կգործի նոր շենքում։ Դրա բացմանը մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդած միջոցառմանը Փաշինյանը հայտարարել է, որ անկախ դատական համակարգը բացարձակ առաջնահերթություն է, եւ որ այժմ պատմական շանս ունենք ձեւավորելու այն:

Երեկ վարչապետին բարկացրած մաքսային տեսուչը աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Պատճառը անկյուն նետված եռագույնն էր։ Փաշինյանն այսօր էլ հաստատեց՝ մի բանը մի անգամ է ասում՝ այս տեսուչն ու սենյակակից մյուսները պետք է ազատվեն աշխատանքից։

Տրանսգենդեր Լիլիթին ուղղվել են մահված սպառնալիքներ, իսկ ատելության խոսքը խտրականություն է, որն արգելվում է մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայով։ Երեկ Եվրամիության դեսպանությունները այսպիսի դատապարտող հայտարաություն էին տարածել։ Մեր ԱԳՆ այսօր պատասխանել է մտահոգված դեսպաններին եւ կոչ արել  առավել հարգանք եւ զգայունություն ցուցաբերել հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնալ հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից։

Տրանսգենդերի ելույթից հետո խորհրդարանի ամբիոնը պիղծ հայտարարծ քահանան, որ ցանկանում էր խնկարկել այն, փիլոնազուրկ է արվել մինչեւ Ավագ ուրբաթ։ Այս որոշումն ընդունել է Արարատյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ համարելով, որ Տեր Ղազար քահանան հուզական պոռթկումների մեջ ճշմարտությունից հեռացել է։

Երեկ ֆեյսբուքում իրար անցյալն էին հիշում Ալեն Սիմոնյանն ու Արմեն Աշոտյանը։ Այս վեճը սկսվեց երբ Աշոտյանը բաց նամակ ուղղեց Արթուր Վանեցյանին՝ խորհուրդ տալով կանխել վարչապետ Փաշինյանի մանիպուլյացիաները եւ հարկադրական բուժզննության ենթարկել նրան։ Ալեն Սիմոնյանն էլ, «Էլեկտրիկ Երեւանի» օրերին թեւավոր դարձած խոսքը հիշելով, Աշոտյանին առաջարկեց իր առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի հետ «Աշոտյան լինել»։ Սրան ի պատասխան Աշոտյանը բացահայտեց նախահեղափոխական գաղտնիքներ։ Գրեց, որ Ալեն Սիմոնյանը իրեն աղիողորմ խնդրել է, որ կանխի հանրապետական պատգամավորներից մեկի ցասումը, եւ զուգահեռ անցկացրեց՝ հիմա առյուծի սիրտ է կերել, իսկ այն օրերին կուչ էր եկել։ Ով էր այդ ահասարսուռ պատգամավորը, եւ ինչ խնդիր էր ծագել, այսօր պատմեց Ալեն Սիմոնյանը։

Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով վերաքննիչ բողոքի քննությունն այսօր ավարտվեց. խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանն ասաց՝ Քոչարյանը երկար ու մարնրամասն ելույթ է ունեցել։ Իսկ բուն դատավարությունը ենթադրեց, որ կսկսվի մայիսի կեսերին, չնայած որ քրեական գործի 76 հատորներին չեն հասցրել ծանոթանալ։

Մի քանի օր առաջ՝ ապրիլի 5-ին, դատարանն արձանագրել էր, որ Սեդրակ Քոչարյանի գործով ԱԱԾ-ն թույլ է տրել անմեղության կանխավարկածի խախտում։ Դեռ փետրվարին ԱԱԾ-ն հայտարարել էր, որ բացահայտվել են խոշոր չափի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց առնչվել է երկրորդ նախագահի որդին: Այս դատավճռին ինչ է հետեւելու, եւ արդյոք Արթուր Վանեցյանը պատրաստվում է ներողություն խնդրել։

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը դարձյալ մերժեց պաշտպանների բողոքը կալանավորման ժամկետը երկարաձգելու դեմ: «Որոշումն ավանդական էր»,- արձագանքեց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Մանվել Գրգորյանի հիվանդությունների բացասական դինամիկան շարունակվում է։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 485 դրամ, եվրոն 547 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 635, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 51 դրամ:

Ապրիլի 11-ին Հայաստանում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +18+20։