Այսօր, վերսկսվեց Մարտի 1-ի գործով դատավարությունը։ Դատարանի բակում երկու զուգահեռ ցույցեր էին՝ Քոչարյանի աջակիցների եւ հակառակ թեւի։ Նրանց վանկարկումների ներքո դատարանի շենք մտան Յուրի Խաչատուրովը, Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրին միջնորդություն՝ ՍԴ որոշման հիմքով վերացնել նրա խափանման միջոցը։ Խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

Առարկություններ հայտնեցին դատախազը, նաեւ Մարտի 1-ին զոհվածվածների իրավահաջորդներն ու նրանց փաստաբանները։ Ըստ նրանց՝ ՍԴ որոշումը այս գործով որեւէ բան չի պարտավորեցնում դատարանին։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին։

Օրվա դրամատիկ դրվագները դատից հետո էին, բակում։ Քոչարյանին աջակցող Արամ Հարությունյանը հարվածեց մի կնոջ, որը անիծել էր նրա որդուն։ Հարվածը կրկնել խոստացող Հարությունյանն էլ հարված ստացավ, մարտի 1-ից զոհերից Արմենակ Ֆարմանյանի հայրը հարվածեց, երբ նրան ոստիկանական մեքնա էին նստեցնում։ Սա հարվածների միակ դրվագը չէր, պատգարակով մի երիտասարդի էին տեղափոխում, ըստ ականատեսների՝ նրան հավածել էին Քոչարյանի աջակիցները։

Շուտով բերման ենթարկվածները ազատ արձակվեցին, նրանցից Նարեկ Մանթաշյանը պատմեց, թե ինչպես է վեճը ծագել։ Արամ Հարությունյանը իր հարվածի իրական հասցեատեր համարեց, ըստ նրա, այս ամենի գլխավոր սադրիչներին։ Բերման ենթարկվածներին մեղադրանք է առաջադրվել՝ ծեծի եւ վնասվածք հասցնելու հոդվածներով։

Կառավարությունն այսօր մի նախագիծ հաստատեց, որով իրավապահ մարմիններին մատչելի են լինելու նաեւ կասկածյալի ու մեղադրյալի ընտանիքի անդամների կամ նրանց փոխկապակցված անձանց բանկային գաղտնիք պարունակող ֆինանսական տվյալները։ Շատ վտանգավոր կարող է լինել. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մտահոգություններ հայտնեց։

Կառավարությունը նաեւ որոշեց ծխելը արգելել փակ տարածքներում։ Այս օրինագծով  որոշակի սահմանափակումներ նախատեսված են նաև հանրային տրանսպորոտում, խաղահրապարակներում, առողջապահական, մշակութային, կրթական հաստատություններում։ Վարչապետը նկատեց, որ կառավարությունը գրեթե չծխող է, ներառյալ ինքը, որ 2004-ից է թողել ծխելը։

Գործադիրի մեկ այլ որոշմամբ տնտեսվարողներին կվերադարձվի 56 մլրդ դրամի ավելացված արժեքի հարկը։

Զոհված զինծառայողների մայրերն ու այրիները պահանջում են, որ իրենց էլ այնքան աջակցություն տրվի, որքան Մարտի 1-ի տուժածների ընտանիքներին՝ այսինքն յուրաքանչյուրին 30 միլիոն դրամ։ «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտնեց, որ գրություն են ուղարկել կառավարություն, մերժման դեպքում՝ կսկսեն բողոքի ակցիաներ։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 476 դրամ, եվրոն 525 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 587 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 32 դրամ։

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +11+13, վաղը ցերեկը՝ +24+26։