«Ինձ հանգիստ թողեք». ԱԱԾ նախկին տնօրենի հուղարկավորությանը մասնակցող երրորդ նախագահի հորդորը՝ լրագրողներին։  Դեկտեմբերի վերջին Գեորգի Կուտոյանը 35 կրակոց է արձակել սենյակի պատին։ Քննչական կոմիտեի հայտարարությունը։  Ամենահավանական վարկածը ինքնասպանությունն է. գլխավոր դատախազը  վստահեցնում է՝ բոլոր վարկածները, սակայն, ամենայն խորությամբ ստուգվելու են։  Արմեն Աշոտյանը խիստ հիասթափված է  վարչապետի պահվածքից. «անձնական ցավակցության  բացակայությունն աղաղակող էր»։ Ատելությունն ու ներքին թշնամանքը կարող են կործանարար լինել երկրի համար. ԱԱԾ նախկին տնօրենի ահազանգը։

«Դա անելու բան չի, որ անում են». Գագիկ Ծառուկյանը՝  մարզային որոշ ծննդատների փակման մասին։  Կալանավորման նպատակը ցուցմունք կորզելն է. «5-րդ ալիքի» սեփականատիրոջ պաշտպանը՝ վերաքննիչ բողոքի մասին։  Գազի թանկացումն աղետալի հետեւանքներ կունենա. գների բարձրացումն, ըստ Արա Վարդանյանի, կտարածվի գրեթե ամբողջ շուկայի վրա։ 

Երեւանում երկուշաբթի տեղի է ունեցել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը, որին ներկա էին  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, բազմաթիվ հանրապետականներ: Հարցեր ուղղելու լրագրողների փորձին արձագանքելով՝ նախկին նախագահը խնդրել է իրեն հանգիստ թողնել. «Կգա ժամանակը, ինչ հարց ունեք՝ կպատասխանեմ», ասել է նա։

Դեռ շաբաթ օրը Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի վերջերին Գեորգի Կուտոյանը այցելել է Սեւակի փողոցի իր բնակարանը, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո,  ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Դեպքի օրը, ԱԱԾ նախկին տնօրենն, ընտանիքի անդամներին զգուշացնելով, որ ցանկանում է 2-3 օր հանգստանալ, 15-ն անց 20-ին դարձյալ ուղեւորվել է նշված բնակարան, որտեղ էլ նրան հետո մահացած են գտել։ 

Արդեն երկուշաբթի  Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին, կիրակի՝ Կուտոյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողներին ասել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ավելացնելով, որ մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ՝ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են:

Երրորդ նախագահը մասնակցել է նաեւ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին: Ներկա են եղել նաեւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը,  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ եւ ԲՀԿ բազմաթիվ ներկայացուցիչներ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Չգիտեմ` ինչի հետ կապեմ այս ամենը, ասել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը եւ հորդորել սպասել հանգուցալուծմանը: Պատրաստ չէի նման բան տեսնել, ասել է նա։

Արմեն Աշոտյանը խիստ հիասթափված է  վարչապետի պահվածքից, քանի որ, ըստ նրա՝  նման դեպքերը նաեւ հասարակությունը  միավորելու առիթ են, եւ Կուտոյանի մահը կարևող էր դառնալ հասարակության միախմբման, պետականության վերարժեւորման առիթ:

Չկան սփոսանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը, ասել է այդ պաշտոնում նրան փոխարինած Արթուր Վանեցյանը։

Ատելության ու ներքին թշնամանքի վտանգի մասին Twitter-ի իր միկրոբլոգում ահազանգել է ԱԱԾ նախկին տնօրենը: «Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել: Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը:

Արթուր Վանեցյանի՝ ընդդիմադիր բևեռ  ձևավորելու  և իրենից ձայներ խլելու հեռանկարը ԲՀԿ առաջնորդին չեն անհանգստացնում։ Գործակցության մասին էլ Գագիկ Ծառուկյանը նրա հետ խոսակցություն չի ունեցել։

Գագիկ Ծառուկյանը նաեւ ոգեւորված չէ Հայաստանում ծննդատների փակումից: Ինչ վերաբերում սպանդանոցներում պարտադիր մորթին, ապա, ըստ Գագիկ Ծառուկյանի՝ նորից հոգսը թողնում են ժողովրդի վրա, որն իր ծախսով պետք է խնդիրը լուծի, մինչդեռ պետությունը պետք է օգնի գյուղացուն։

Կառավարության դիմաց սպանդանոցների դեմ անցած շաբաթվանից բողոքող գյուղացիները մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը, այնուհետեւ Տիգրան Մեծի պողոտան: Մեծ թվով ոստիկաններ փորձել են համոզել ցուցարարներին դուրս գալ ոչ երթեւեկելի հատված: Մի պահ իրավիճակը լարվել է եւ քաշքշուկ է սկսվել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Ավելի ուշ ցուցարարները  ոստիկանների հորդորով բացել են Տիգրան Մեծի պողոտան: Իրավապահները երկու շարքով պատ են կազմել կառավարության շենքի մոտ: Ցուցարարները  պահանջել են հանդիպում իշխանության ներկայացուցիչի հետ:

Սպանդանոցային պարտադիր մորթի վերաբերյալ կառավարության որոշումից դժգոհ են նաեւ Շիրակի անասնապահները: Ի նշան բողոքի՝ նրանք փակել են ճանապարհը  Բագրավան-Հայկաձոր հատվածում:

«5-րդ ալիքի»  սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը մամուլը ճնշելու փորձ է, լրագրողներին ասել է Վերաքննիչ քրեական դատարանի բակում կալանավորման դեմ բողոքող ցուցարարներին միացած երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը։  Թավադյանին մեղադրանք առաջադրելու պատճառ կարող է համարվել  երկրորդ նախագահի ընկեր լինե՞լը, թե՞ դա ճնշում է մամուլի ազատությանը՝ հարցին, Լեւոն Քոչարյանը պատասխանել է՝ երկուսն էլ։

Թավադյանի կալանավորման դեմ միջնորդության վերաբերյալ վճիռը Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի հունվարի 21-ին։ Ըստ նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար։

Գազի սակագինը 15 դոլարով բարձրացել է 2019 թվականի հունվարի 1-ից եւ դարձել  165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ այս տարվա ողջ ընթացքում գազի գինը սահմանին չի բարձրանալու, լրագրողներին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գրիգորյանը չի բացառել, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի, քանի որ գազի մատակարարը պետք է ներդրումներ անի։

Գազի թանկացումն ունենալու է աղետալի հետեւանքներ, համոզված է «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։ Ըստ նրա՝ իշխանությունները գնում են միայն պոպուլիստական քայլերի։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով եւ  կազմել 479.34 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.12 դրամով ու կազմել  531.59 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.95 դրամով ու կազմել 622.23 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով ու  կազմել 7.78 դրամ։

Հունվարի 21-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կնվազի: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Գիշերը մայրաքաղաքում կլինի -7-9, վաղը ցերեկը՝ +2+4 աստիճան։