Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը,  արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, հորդորելով Հայաստանի քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա եւ Իտալիա այցերից: Իսկ այնտեղ գտնվելու կամ այցելելու պարագայում՝ հետեւել մեր առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի իշխանության ցուցումներին, հարկ եղած դեպքում՝ կապ հաստատել Հայաստանի դեսպանությունների հետ»:

Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման 95 հետազոտություն է անցկացվել, որոնց արդյունքները բացասական են, կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարարը։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում  կորոնավիրուսի ախտորոշման 850 լաբորատոր տեստ կա, եւս 3000 տեստ շուտով կստացվի: Վերջին 2 օրում հայ-իրանական սահմանը հատել է 69 բեռնատար, դրանց մեր տարածքում ուղեկցել են մասնագետները, ապրանքները բեռնվել են հատուկ կետերում, ինչից հետո մեքենաները վերադարձել են Իրան: Իրանից ժամանած  52 հայաստանցիների ինքնազգացողությունը լավ է եղել: Ըստ նրա՝ հնարավոր ամեն ինչ արվում է՝ կանխելու վարակի ներթափանցումը Հայաստան: Թորոսյանի խոսքով՝ վարակվածների մեծ մասն ապաքինվում է:   Հայաստանի քաղաքացիները կարող են վստահ լինել, որ նոր կորոնավիրուսի մասին տեղեկությունը կառավարությունը չի թաքցնի, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Իշխանությունները համարում են, որ բանակում մահվան դեպքերի խնդիրը լուծված է, քանի որ եղան պաշտոնանկություններ, բայց մենք համարում են, որ դրանք բավարար չեն, պնդում ենք, որ պետք է լինեն քրեական պատասխանատվության ենթարկվողներ, լրագրողներին հայտարարել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, որն ամեն հինգշաբթի ցույց է կազմակերպում կառավարության դիմաց։ Կարապետյանցի խոսքով՝ քաղաքակիրթ աշխարհում տուժողի կողքին պետությունը սարի նման կանգնած է ի դեմս դատախազության, մեր դեպքում ի շահ տուժողի որոշումների դեպքում դատախազությունը բողոքարկում է. նրա խոսքով՝ դա անմեղսունակություն ու անբարոյականություն է։

«ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» եւ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի միացումը վտանգելու է ամբողջ այն համակարգը, որը մեզ հնարավորություն է տվել երկրում ունենալ վերահսկելի համաճարակ, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնելիս հայտարարել է «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան բերման էր ենթարկվել ՁԻԱՀ–ի կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը, որին ոստիկանությունում ասել են, թե զբաղվել է ինքնիրավչությամբ։ Ոստիկանատնից դուրս գալուց հետո նա պարզաբանել.է նաեւ, որ նախարարը նախորդ տնօրենին ազատել է առանց դրա հիմքերն ունենալու, ինչին ինքն իր անհամաձայնությունն Է հայտնել։

Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի աշխատակիցներն էլ բողոքի ցույց են կազմակերպել՝ պահանջելով չփակել հաստատությունը։ Նրանք իրենց հետ բերել են «ոչ բուժաշխատողների ջարդին», «ոչ սպիտակ խալաթների ջարդին» գրությամբ պաստառներ։ Ակցիայի մասնակիցները, որոնց մեծ մասը թոշակառու ոստիկան է, նշել են, որ եթե հոսպիտալը փակվի, իրենք այլ բուժվելու տեղ չեն ունենա:

Բողոքում են նաեւ Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի սրտաբանական բաժանմունքի թերապեւտները։ Ըստ նրանց՝ կենտրոնում կադրային ջարդ է իրականացվում, իրենց ու եւս մի քանի տասնյակ այլ բաժանմունքների աշխատակիցների անհիմն ազատում են աշխատանքից, փոխարենը աշխատանքի են ընդունում տնօրենի հետ ազգակցական կամ այլ կապ ունեցողների: Բողոքողները պնդում են, որ նոր տնօրենն ազատվում է Արա Մինասյանի օրոք աշխատանքի ընդունվածներին, իսկ հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ աշխատանքից ազատվողները լրջորեն թերացել են աշխատանքային պարտականություններում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանի:

Հայցի պահանջը պատվի ու արժանապատվության պաշտպանությունն է:  Լևոն Զուրաբյանը հարցազրույցներից մեկում պնդել էր, թե «Լուսավոր Հայաստանը» մի օլիգարխի պրոյեկտ է եւ այն ստեղծել է Միքայել Մինասյանը:

Տպավորություն է, որ Դատախազությունը ոչ թե պետական շահ է պաշտպանում, այլ «Ֆրեզեն» ընկերության շահը, դատավարության ժամանակ հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանը։

Ես չեմ ճանաչում տվյալ կազմակերպություններին, կամ մանիպուլյացիաներ չեն կարող անել, թե նախկինների նկատմամբ պատժիչ քայլեր են արվել, արդեն  լրագրողների հետ զրույցում ասել է Սանասարյանը։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Սանասարյանն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դավիթ Սանասարյանը նաեւ պնդել է, որ հայտնի վրաերթի ժամանակ ինքը երեխային չի հարվածել, երեխան ինքն է դիպել իր մեքենային ու ընկել, ինչի հետեւանքով, կասկածելի պայմաններում ստացել է վնասվածք։ Փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ անհնար էր կանխարգելել վթարը, ասել է նա։

2019 թվականին զոհերով եւ վիրավորներով 4799 ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության նախաձեռնած Ճանապարհային երթեւեկության խնդիրների թեմայով լսումների ժամանակ հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Այդ վթարներից 341 մարդ է զոհվել, վնասվածք ստացել 6801-ը: 2018-ի համեմատ, դժբախտ պատահարների թիվն աճել է 688-ով, իսկ տուժածներինը` 851-ով: Հետաքրքիր է, որ եռակիից ավելի բնակչություն ունեցող Շվեդիայում 2017-ին վթարներից զոհվել է 253 մարդ, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում 2019-ին  զոհվել է մեկ վարորդ եւ ոչ մի հետիոտն։ 

Կառավարության նիստում վարչապետը դարձյալ դժգոհել է պետական համակարգում անարդյունավետ պաշտոնյաներից։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մի շարք ցուցիչներով Հայաստանն առաջընթաց ունի, որոշներով՝ ոչ։ Մեզ համար ամենանհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է, ասել է նա։

ՍԴ որեւէ դատավոր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար, NEWS.am-ին հայտնել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նրանց վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը լրացել է այսօր: Ըստ այդ օրենքի՝ մինչեւ փետրվարի 27-ը  7 դատավորները կարող էին թոշակի անցնել՝ պահպանելով աշխատավարձը: Սոցցանցերում մի խումբ փաստաբաններ ու իրավապաշտպաններ երախտագիտություն են հայտնել բարձր ատյանի անդամներին` կամքի եւ անկախ դատական համակարգի կայացման ջանքերի համար։ 

Սիրիական Իդլիբում կառավարական ուժերի ավիահարվածների հետեւանքով 3  թուրք զինորական է սպանվել, եւս երկուսը վիրավոր են։ Այդպիսով Սիրիայում սպանված թուրք զինվորների թիվը վերջին մեկ ամսում հասել է 19–ի։ Հիշեցնեմ, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսական զորախմբի օժանդակությամբ զբաղված են Իդլիբում կենտրոնացած ահաբեկիչների հենակետերի ոչնչացմամբ։ Ոչ բացահայտ, բայց ծայրահեղականներին օժանդակում են թուրքական զորքերը, որոնք էլ կորուստներ են կրում սիրիական զորքերի հարվածներից։

Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանը: Հուշարձանագետը 58 տարեկան էր, 24 տարեկանից ճամփորդել է Հայաստանով, ուսումնասիրել բնությունը, լուսանկարել, չափագրել ու նկարագրել, ցուցակագրել հայկական հուշարձանները ամբողջ Պատմական Հայաստանի տարածքով, հրապարակային պաշտպանել դրանք հարեւան երկրների ոտնձգություններից։

Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող, աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն կարճատեւ այցով եղել է Երեւանում։ Այդ մասին նա տեսանյութ է հրապարակել Ինստագրամում՝ գրառելով․ «Բարի լույս, Երեւան»։ Լեգենդար ֆուտբոլիստը Հայաստանում է եղել դեպի Մոսկվա տարանցիկ չվերթի նպատակով։ Նա Ռուսաստանի վիզա է ստացել Երեւանում Ռուսաստանի դեսպանությունից, քանի որ Իտալիայում կորոնավիրուսի տարածման հետեւանքով չի կարողացել հերթագրվել Միլանում կամ Ջենովայում գործող ռուսական հյուպատոսություններում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով ու կազմել 478.49 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.21 դրամով ու հասել 523.13 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.08 դրամով ու կազմել  617.20 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը ննացել է անփոփոխ. 7.28 դրամ՝ 1 ռուբլու դիմաց։

Փետրվարի 28-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ: Երեւանում եւս տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +10+12։