Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։ Այսօր տարածած հայտարարությունում նա նշում է, որ մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, տեղեկացնում է, որ վարչապետին  աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման նոր հակառեկորդ է գրանցվել. անցած մեկ օրում 697 նոր դեպք է գրանցվել, մինչդեռ ապաքինվողների թիվը պակասել է ընդամենը 14-ով: Ընդհանուր դեպքերի թիվը հասել է 11221-ի: Այս պահին բուժվում է 7500-ից ավելի մարդ: Մահերի թիվն ավելացել է 6-ով եւ հասել 176-ի: Արձանագրվել է  մահվան եւս 9 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունից: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 68 է:

Մինչեւ այս թվերի պաշտոնական հրապարակումը վարչապետ Փաշինյանը հերթական ուղիղ եթերն է նախաձեռնել եւ հայտարարել. վատ լուրեր ունենք, իրավիճակն ավելի է վատանում: Փաշինյանի կարծիքով՝ այսօր երկրում կա մոտ 20 հազար վարակակիր, որոնք չգիտեն, որ վարակված են եւ նրանց շրջապատն էլ չգիտի: Եվ, ըստ նրա, հենց նրանք են դառնում վարակի հիմնական տարածողները:

Կառավարության նիստում, որը հեռավար, իր մեկուսավայրից վարել է Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե լարված է մնում ամենօրյա հոսպիտալիզացիաների վիճակը: Արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալացման, իսկ մենք, ասել է նա,  գրեթե ձեռքով տեղավորում ենք պացիենտներին եղած մահճակալային ֆոնդի վրա:

Կորոնավիրուսից նախորդ օրը մահացած 6 անձանցից ամենաերիտասարդը 44-ամյա կին է, ամենատարեցը՝ 90-ամյա տղամարդ։ Բացի 66-ամյա մի կնոջից, մյուս բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 6,5 միլիոնից: COVID-19-ից մահացել է 388 հազար մարդ, 54 հազարի վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր: Վարակակիրների թվով առաջատարը ԱՄՆ-ն է՝ 1 միլիոն 900 հազար, սակայն մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի քանակով 12-րդն է, իսկ առաջին տեղում Կատարն է: Հայաստանն այս ցուցանիշով 28-րդն է: Վրաստանում, ի դեպ, ինչպես եւ վարակի տարածման աղբյուր դարձած Չինաստանում, անցած մեկ օրում  մեկական վարակակիր է արձանագրվել:

Ընդդիմությունը կողմ է իշխանության բերած այն նախագծին, որով կաջակցի մեկուսանալ պարտադրված մարդկանց, Ազգային Ժողովում ասել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Սակայն  պարզվում է, որ «Իմ քայլը» չի ուզում, որ նախագիծն ընդունվի, ասել է նա եւ ավելացրել․ ընդդիմությունն ասում է՝ սա շատ  հրատապ է, եկեք այսօր ընդունեք, իշխանությունն էլ ասում է՝ հաշվարկներ կան, մենք ավելի լավ գիտենք:

Համավարակի պայմաններում սոցիալական ծրագրերն անհրաժեշտություն են, հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը։ Նրա խոսքով՝  սա դասական օրինակ է՝ Խորհրդարանի եւ Կառավարության միջեւ չստացված աշխատանքի, ոչ արհեստավարժ մոտեցումների։

Ի վերջո՝  «Իմ քայլը» երկրորդ ընթերցմամբ ձախողել է իր իսկ  ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը: Պատգամավորները երկրորդ եւ վերջին ընթերցմամբ մերժել են «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրական նպաստների մասին» օրենքում փոփոխություններին:

Սա քաղաքապետարանի կողմից մայթի զավթում է, շենքի հիմքը խարխլող գործողություն, որն աղավաղում է շենքի  արտաքին վիճակը, եւ սա թույլ է տվել Հայկ Մարությանը։ Երեւանի Տպագրիչների փողոցից, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նրա խոսքով՝ նոր շինարարության համար, փորել են մայթը, որն արդեն առաջին հարկի բնակչի համար խնդիրներ է առաջացրել։

Հայաստանի պետական պարտքը շուտով կավելանա ավելի քան 300 միլիոն դոլարով։ Կառավարությունը հավանություն է տվել Արժույթի միջազգային հիմնադրամից 315 միլիոնի վարկ վերցնելու որոշմանը:  Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասել է, որ բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ են փոխառու միջոցներ, հետեւաբար դա ավտոմատ կհանգեցնի պետական պարտքի աճի:

Մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ Հայաստանում «Արարում» անվամբ նոր քաղաքացիական նախաձեռնություն են ձեւավորել:  Ղեկավար կազմում են մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, «Սասնա ծռերի» նախկին անդամ Պավել Մանուկյան եւ այլ գործիչներ։ Ըստ նրանց՝ լրջորեն վտանգված են երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը,  տնտեսությունը, բնակչության սոցիալական վիճակը, իրավական պետության հիմքերը, հայ ընտանիքի բարոյական սկզբունքները եւ այլն։

Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբար Միհրան Պողոսյանը: Պաշտպանը ենթադրում է, որ երկրի քաղաքական իշխանությունը չի համակերպվի այդ վիճակի հետ և արագորեն Մինասյանին կառաջադրի մեկ այլ, նրա խոսքով, նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք։

Երեխաների սեռական դաստիարակության մասին Լամզարոտեի կոնվենցիային կողմ քվեարկած 79 պատգամավորները, եւ այն վավերացրած  նախագահը  մասնակցել են հակահայկական դավադրության եւ  պետք է հրաժարական տան: Այս պահանջը ներկայացրել են  «Հայկական արժեքների պաշպանության նախաձեռնության» ակտիվիստները, որոնք բողոքի ակցիա են իրականացրել՝ ձեռքերը շղթայելով  Ազգային Ժողովի դարպասին:

ԱՄՆ-ի բազմաթիվ քաղաքներում բռնկված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալությունների թիվն անցել է 10 հազարից: Դրանց քառորդ մասը բաժին է ընկնում Լոս Անջելեսին, որին հետեւում են Նյու Յորքը, Դալլասը եւ Ֆիլադելֆիան: Զոհերի թիվն անցել է 10-ից: Քաղաքացիական հուզումները զսպելու գործին  ներգրավված են նաեւ զորքեր, Ազգային գվարդիայի 30 հազար զինծառայող է մասնակցում 31 նահանգում եւ Կոլումբիայի շրջանում դրության վերահսկողությանը, Սպիտակ տան պաշտպանությանը: 4 տասնյակ քաղաքում, այդ թվում՝ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում, պարետային ժամ է հայտարարվել:

Արցախի մասին «Եթե քամին վրա հասնի» ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի ծրագրում։ Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ժապավենը Հայաստանի,  Բելգիայի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրություն է։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով փառատոնի ղեկավարությունը  հայտարարել է ֆիլմերը, որոնք ներառվել են ծրագրում եւ որոնք «Կանն-2020» ապրանքանիշի ներքո կցուցադրվեն աշնանային փառատոներում։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.27 դրամով ու  կազմել  482.11 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.02 դրամով  ու կազմել  539.87 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.28 դրամով  ու կազմել 603.94 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.08 դրամով ու կազմել  6.97 դրամ։

Հայաստանի՝ հիմնականում հյուսիսային շրջաններում հունիսի 5-ին սպասվում են կարճատեւ անձրեւ ե ամպրոպ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15 +17, վաղը ցերեկը՝ +30 +32: