Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար: Լրագրողներին թույլ չեն տվել մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին: Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին: Լրագրողներին հայտնի է դարձել, որ իրենց մուտքը նույնպես արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը: Խնդրին անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանը.Արման Թաթոյանը հուշել է, որ արգելքի դեպքում լրագրողներին պետք է նախապես զգուշացնեին, ոչ թե հենց Սարդարապատի ճանապարհին դա անեին:   

Սարդարապատի հուշահամալիրում միջոցառումը շատ համեստ էր եւ շատ կարճ է տեւել: Պետական պաշտոնյաներից մասնակցել են միայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը եւ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրում, ապա մոտեցել են օտարերկրյա դեսպանները եւ նույնպես ծաղիկներ խոնարհել, ինչով էլ միջոցառումը սահմանափակվել է: Առաջին անգամ Արցախի նախագահը պաշտոնական հրավեր չի ստացել եւ չի մասնակցել ազգային տոնին:   

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դարձյալ պետական պաշտոնյաներից առանձին է ժամանել հանդիսավայր, նա հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյոք դեռ պահանջում է Փաշինյանի հրաժարականը՝ ասելով, որ օրվա խորհրդից չի ցանկանում հեռանալ: «Մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկդիր, ոգեշնչվի Սարդարապատի խորհրդով»,- ասել է Գարեգին վեհափառը։

Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է ծաղիկներ խոնարհել Ղարաքիլիսայի ճակատամարտի հուշահամալիրին:   

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների եւ առաջին հանրապետությունը կերտողների հիշատակը հարգել է Վանաձորի «Կոտրած եկեղեցի» կոչվող վայրում: «Խաղաղություն տրվում է այն ազգերին, որոնք գիտեն արժանապատվորեն պայքարել դրա համար», նշված է երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ադրբեջանցի զինվորականները Կութ գյուղի սահմանային հատվածում մի քանի անգամ օդ են կրակել: Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրավիճակը հանգիստ է, նույն պատկերն է նաեւ Սեւ լճի տարածքում։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է, ադրբեջանի զինվորի վիրավորվելու պատճառն այլ տեղ է պետք փնտրել, նշված է գերատեսչության հաղորդագրությունում:   

Հրաժարական է տվել Արցախի պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Նա լիազորությունները վայր կդնի հունիսի 1-ից: Մարտիրոսյանը գրել է, որ պաշտոնը թողնելու որոշումը կայացրել էր դեռ 2020-ին, սակայն պատուհասած պատերազմը եւ հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպել են հետաձգել որոշումը:   

Մամուլը գրում է, որ Հայաստանի արտգորրծնախարարի հրաժարականից հետո դիմումներ են գրել նաեւ նրա տեղակալները: Նշվում է, որ Արա Այվազյանը Փաշինյանին հորդորել է Անվտանգության խորհրդի նիստին չհայտարարել բազմազգ դիտորդներ հրավիրելու մասին, սակայն գործադիրի ղեկավարն անդրդվելի է մնացել ու նրա հետ չհամաձայնեցված հայտարարություն է արել, ինչից հետո նախարարը հրաժարական է տվել: Արտաքին գործերի փոխնախարարներին համոզել են հրաժարականները չհրապարակել, քանի դեռ նրանց փոխարինողներ չեն գտել: Մամուլը գրում է, որ պաշտպանության նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո որոշել են հեռանալ համակարգից:   

Լեւոն Տեր-Պետրոսյանը Հանրայինի եթերում հայտարարել է, որ այսօր Ռուսաստանի հետ պետության բանակցողը Փաշինյանն է, տարածաշրջանում իր ծրագրերի մասին Ռուսաստանը միայն նրան է ասում: «Բայց նա չի հասկանում իրեն ինչ են ասում», ասել է նա: Նախկին նախագահը քաղաքացիական պատերազմի վտանգ է տեսնում. «Համարյա ճակատամարտի են անցել քոչարյանականներն ու փաշինյանականները, վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել ուղղակի կռիվների, եթե չասենք՝ քաղաքացիական պատերազմի, կենաց մահու խնդիր են լուծում երկու կողմն էլ»,- ասել է առաջին նախագահը: Տեր-Պետրոսյանը նորմալ չի համարում ընտրություններին 27 քաղաքական ուժի մասնակցությունը. «Սա մեզ համար նշանակում է պառլամենտական կործանում», ասել է նա, ավելացնելով, որ կամ Փաշինյանն է հաղթելու կամ Քոչարյանը: «Կա ավելի վատ տարբերակ՝ ոչ մեկը չի հաղթելու եւ մենք ընկնելու ենք այդ խայտաբղետ պառլամենտական համակարգի մեջ», ասել է Տեր-Պետրոսյանը:   

Առաջին նախագահին Աջափնյակում համակիրների հետ հանդիպմանը հակադարձել է Նիկոլ Փաշինյանը: «Նա ասում է՝ ինչի՞ ես հայտարարել «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Իր տեսակետից ճիշտ է ասում, որովհետեւ իր տեսակետը հետեւյալն է՝ Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ: Եթե իրենք գտնում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է եւ վերջ, մենք դրան համաձայն չենք»,- ասել է նա: «Ես հո չեմ կարող ինձ Լեւոն Տեր-Պետրոսյանի նման պահել», ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ նկատի ունենալով Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ ինքն ու Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հեռախոսով շփվում են:   

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքում ներկայացրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, նաեւ գրառմանը, թե Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը հետեւյալն է. «Պետք է Ղարաբաղը ամբողջությամբ տանք Ադրբեջանին»: «Այս գրառմամբ Փաշինյանն ապացուցեց, որ իսկապես քաղաքականությունից ոչինչ չի հասկանում: Չի հասկանում ո՛չ իր ընդդիմախոսների եւ ո՛չ նույնիսկ դաշնակիցների, ինչպիսին է Ռուսաստանը, ուղիղ, շիտակ ասված խոսքերը: Ավելին, նա չի հասկանում անգամ, թե ինչում մեղադրում է Առաջին նախագահին, ասելով, թե վերջինս ուզում է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, մի բան է, որ ինքն արդեն «փառավորապես» իրականացրել է՝ Ղարաբաղը ոտքով-գլխով հանձնել է Ադրբեջանին», նախկին նախագահի խոսքն է փոխանցել Մուսինյանը:

ԿԳՄՍ նախարարությունը պետք է տրոհվի. «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպմանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ այսօր մենք լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում՝ եւ կառավարման, եւ բովանդակային առումով: «Հիմա եթե մենք հետեւողականորեն կրթությունից ուզում ենք հանել ազգային բաղադրիչը, հայ լինելու հանգամանքը, ապա ստացվում է, որ մենք ուղղակի ինչ-որ գիտելիքների ծավալ ենք տալիս, բայց քաղաքացի չենք դաստիարակում»,- ասել է նա՝ վերջին տարիներին կրթության համակարգի հետ արվածը բնորոշելով որպես աղետ:   

Տարածքային կորուստներն այնպիսին են, որ մենք մեր առջեւ պետք է ռեալ խնդիրներ դնենք, ասել է Քոչարյանը: «Մենք պետք է կարողանանք պահել գոնե այն, ինչ կա այսօր եւ փորձել Ղարաբաղի կարգավիճակը քննարկելու ժամանակ լուծել ԼՂԻՄ-ի սահմանների վերականգնման խնդիրը», ասել է նա՝ նշելկով, որ այդ հնարավորությունը տեսնում է առաջիկա մի քանի տարիներին, ինչի համար պետք է բանակը հզորացնել, ապահովել առանցքային մի քանի արդիականացված զինատեսակներով:   

Մոսկվայում կայացել է Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Սերգեյ Շոյգուն ասել է, որ օրակարգում տարածաշրջանային անվտանգության հարցերն են, կապված Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի աշխատանքի հետ, եւ այս պահի դրությամբ ծագած բոլոր սուր խնդիրները: Շոյգուն ասել է նաեւ, որ Ռուսաստանը եւ Հայաստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ում:   

Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Բաշար Ասադը: Նա ստացել է ընտրողների 95,1 տոկոսի աջակցությունը, մասնակցել է 14 միլիոն քաղաքացի կամ ընտրողների 78 տոկոսը: Ասադը 55 տարեկան է, Սիրիայի նախագահն է 34 տարեկանից:   

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 104 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 222513 է: Այս պահին բուժվում է 4443 վարակված: Մեկ օրում մահացել է 9 վարակված, նրանցից 2-ը՝ այլ հիվանդությունից: Մահացածների ընդհանուր թիվը 5504 է:   

Տոնով պայմանավորված արտարժույթի համեմատ դրամի կուրսը փոփոխությունների չի ենթարկվել: ԱՄՆ դոլարի փոխարժեքը 520.78 դրամ է, Եվրոյի փոխարժեքը՝ 635.04 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը 735.45 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը 7.09 դրամ:

Մայիսի 29-ին երկրի առանձին շրջաններում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 17-19, վաղը ցերեկը 31-33 աստիճան զրոյից բարձր: