Թող յուրաքանչյուրը քվեարկի իր խղճի մտոք, եթե մի բանը հաջողված է, դա քարոզարշավներում էլ կհաջողվի

Հիմա վտանգ կա քաղաքացիական պատերազմի, լինում են վատ իշխանություններ, լինում են բռնապետական, վատ երկար տարիներ, դրանցից հեշտ է ազատվելը, ամենավտանգավորը քաղաքացիական պատերազմներն են: Այս մասին այսօր` մայիսի 27-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Համարյա ճակատամարտի են անցել քոչարյանականներն ու փաշինյանականները, սա ավելի է խորանալու, ես վախենում եմ, որ այս ընտրությունները կարող են վերածվել ուղղակի կռիվների, եթե չասենք՝ քաղաքացիական պատերազմի, կենաց մահու խնդիր են լուծում երկու կողմն էլ»,-ասաց նա:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանականընտրություններին առաջին նախագահը նշեց, որ քաղաքական առումով նորմալ չէ, որ 27 քաղաքական ուժ է հայտ ներկայացրել, սակայն սա է ժողովրդավարությունը. «Սա պառլամենտական կործանում է մեզ համար նշանակում, պետք է պարտադիր դառնալ նախագահական, Սերժի ամենամեծ սխալը սա էր, ահավոր բան է: Երեք տարբերակ կա այս ընտրություններից հետո՝ կամ Փաշինյանն է հաղթում, կամ Ռոբերտը կամ չգիտեմ որևէ մեկը, որը քիչ հավանական է, և կա ավելի վատ տարբերակ՝ ոչ մեկը չի հաղթելու և մենք ընկնելու ենք այդ խայտաբղետ պառլամենտական համակարգի մեջ: Թող յուրաքանչյուրը քվեարկի իր խղճի մտոք, եթե մի բանը հաջողված է, դա քարոզարշավներում էլ կհաջողվի, անկախ արդյունքերից, մենք արդեն դրա մասնագետներն ենք»: