Սյունիքի մարզի Սիսիան եւ Շիրակի մարզի Անի համայնքներում այսօր՝ մարտի մեկից, մեկնարկում է ավագանու արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Այն կտեւի մինչեւ մարտի 24-ը, ժամը 24:00-ն։ Ընտրությունները կկայանան մարտի 26–ին։

Անի համայնքում ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգ-համայնք» դաշինքը, «Իմ հզոր համայնք» եւ «Հայկական երազանք» կուսակցությունները։

ՔՊ–ի ընտրական ցուցակը գլխավորում է Արման Սարիբեկյանը. նա վարչապետի որոշմամբ, դեկտեմբերի 8–ից զբաղեցնում է  Անի համայնքի ղեկավարի պարտականությունները։

«Ազգ-համայնք» դաշինքը գլխավորում է Անիի նախկին համայնքապետ Արտակ Գեւորգյանը։ «Հայկական երազանք» կուսակցությունը գլխավորում է Ագուն Սաղաթելյանը, որը նախորդ ավագանու անդամ էր։ «Իմ հզոր համայնք»  դաշինքը գլխավորում է անկուսակցական Արմենակ Նաջարյանը։

Հիշեցնենք՝   Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ «Ազգ-համայնք» դաշինքն ուներ 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանք» կուսակցությունն էլ 3 մանդատ։

Քաղաքական ուժերը չէին կարողացել միանձնյա իշխանություն ձեւավորել, բայց կոալիցիայով էլ նրանց չի հաջողվել տեղական իշխանություն ձեւավորել։

«Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը մյուս երկու ուժերի առջեւ պայման էր դրել՝ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր թեկնածությանը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուժերից ոչ մեկը, սակայն, չէր ընդունել Ագուն Սաղաթելյանի պայմանը եւ համաձայնության չէին եկել։

«Ազգ-համայնք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ իրար հետ կոալիցիա չէի կազմել։ Նշանակվել էին արտահերթ ընտրություններ։

Սիսիան համայնքում ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ մասնակցում են քիչ թվով կուսակցություններ՝ ՀՀԿ–ն, ՔՊ–ն եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Նախորդ տարվա աշնանը տեղի ունեցած ընտրություններին 7 քաղաքական ուժ էր մասնակցել։

ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաջողվեց իր թեկնածու Արմեն Հակոբջանյանին ընտրել համայնքապետ։  Նրան, սակայն, չէր հաջողվում երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները՝ նիստը իրավազոր չլինելու պատճառով։ Մյուս ուժերը հրաժարվել էին ավագանու մանդատներից։ 

Արմեն Հակոբջանյանը վարչապետի որոշմամբ՝ դեկտեմբերի 30–ից նշանակվել է Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար։