News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստն այսօր՝ նոյեմբերի 14–ին էլ չի կայացել։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական երազանք» խմբակցությունները կրկին չէին ներկայացել նիստին եւ քվորում չապահովվելու պատճառով նիստը հետաձգվել է։

NEWS.am-ի հետ զրույցում նիստին ներկայացած «Ազգ-համայնք» խմբակցության անդամ, համայնքապետի թեկնածու Արտակ Գեւորգյանն ասաց, որ նիստը նշանակվել է նոյեմբերի 18–ին։

Հիշեցնենք՝ Անի համայնքում նորընտիր ավագանու առաջին նիստը նախատեսված էր նոյեմբերի 11–ին, որը չէր կայացել քվորում չապահովվելու պատճառով։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ընտրություններում քիչ մանդատ ստացած «Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանն ասել էր,   որ խմբակցության երեք անդամները չեն մասնակցելու նիստին։

Նոյեմբերի 11–ին թե՛ «Հայկական երազանքը», թե՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չէին ներկայացել նորընտիր ավագանու առաջին նիստին, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն էր։

Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցած երեք ուժերից ոչ մեկին չէր  հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Ազգ-համայնք» դաշինքն ունի 10, ՔՊ–ն՝ 8, իսկ «Հայկական երազանք» էլ՝ 3 մանդատ։

Քաղաքական ուժերը չէին կարողացել միանձնյա իշխանություն ձեւավորել, բայց կոալիցիայով էլ նրանց չի հաջողվել տեղական իշխանություն ձեւավորել։

«Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը մյուս երկու ուժերի առջեւ պայման էր դրել՝ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր թեկնածությանը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուժերից ոչ մեկը, սակայն, չէր ընդունել Ագուն Սաղաթելյանի պայմանը եւ համաձայնության չէին եկել։

«Ազգ-համայնք» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ իրար հետ կոալիցիա չեն կազմել։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ երբ ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա վարչապետը կկարողանա խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել նաեւ ավագանու անդամին: Օրենքը հնարավորություն է տալիս, որ ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեն եւ ավագանու նոր ընտրություններ նշանակվեն։

Տպել
Ամենաշատ