Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլյա Մենդելին հեռակա կարգով ծանուցել են պետական դավաճանության կասկածանքի մասին, հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (СБУ), հաղորդում է РБК-Украина-ն։
Հատուկ ծառայության տվյալներով՝ Մենդելին վերագրվում են ռազմական դրության պայմաններում պետական դավաճանություն, ինչպես նաև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի արդարացում և դրա մասնակիցների փառաբանում։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունում պնդում են, որ Մենդելի հրապարակային հայտարարություններն ու սոցիալական ցանցերում նրա հրապարակումները վարկաբեկել են Ուկրաինան միջազգային ասպարեզում։ Բացի դրանից, ըստ քննության վարկածի՝ նա արդարացրել է Ռուսաստանի իշխանություններին և Ուկրաինայում պատերազմը։
Քանի որ նախկին մամուլի քարտուղարը գտնվում է երկրի սահմաններից դուրս, Ուկրաինայի իրավապահ մարմինները շարունակում են միջոցներ ձեռնարկել նրան պատասխանատվության ենթարկելու համար։
2026 թվականի մայիսին Մենդելը հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում մի հարցազրույցից հետո, որում խիստ էր արտահայտվել Զելենսկու մասին՝ նրան «թաքնված չարիք» անվանելով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել էր РБК-Украина-ն, նա իր պնդումները հիմնավորող ապացույցներ չէր ներկայացրել։
Բացի դրանից, նախկին մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե 2022 թվականի բանակցությունների ընթացքում Ուկրաինան պատրաստ էր զիջել Դոնբասը։ Ադ խոսքերը վրդովմունք էին առաջացրել։
Ուկրաինայի նախագահի գրասենյակում հերքել էին նրա պնդումները։ Այնտեղ նաև կտրուկ էին արտահայտվել Մենդելի հոգեվիճակի մասին։





























